ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


NYT-ը բացահայտել է փախուստի դիմած ռուս օդաչուի սպանության մանրամասները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդասպանները վեց փամփուշտ են արձակել Մաքսիմ Կուզմինովի ուղղությամբ, իսկ հանցագործության վայրը լքելով՝ վրաերթի են ենթարկել սպանվածի դիակը։ Իսպանական ոստիկանությունը կարծում է, որ հանցագործությունն իրականացրել են պրոֆեսիոնալ մարդասպանները։

Հիշեցնենք, որ ռուս օդաչու Կուզմինովը սպանել էր ծառայակիցներին և ռուսական ուղղաթիռով հանդերձ հանձնվել ուկրաինական կողմին:

Ռուսաստանցի ռազմական օդաչու, փախուստի դիմած Մաքսիմ Կուզմինովի սպանության նոր մանրամասները մարտի 31-ին հրապարակել է The New York Times-ը։ Որոշ մանրամասներ, անանուն մնալու պայմանով , տրամադրել են քննությունը ղեկավարող իսպանացի քննիչներն ու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները։

Ինչպես պարզել է The New York Times-ը, Կուզմինովը լքել է Ուկրաինան 2023 թվականի հոկտեմբերին, չնայած նրան առաջարկվել է այնտեղ մնալ ուղղաթիռի առևանգումից հետո՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Օդաչուն ապրելու համար, որպես երրորդ երկիր ընտրել էր Իսպանիան, որտեղ Իգոր Շևչենկո անունով հաստատվել էր ծովափնյա Վիլյախոյոսա քաղաքում։

Թերթը մատնանշում է, որ Կուզմինովը տաօրինակ ու անտրամաբանական ընտրություն է կատարել, քանի որ այդ տարածաշրջանում գործում են ռուսական կազմակերպված հանցավոր խմբեր, որոնց մի մասը անշուշտ կապված է ռուսական հետախուզական ծառայությունների հետ։ Իմանալով հանդերձ, որ ռուսական իշխանությունները ցանկանում են պատժել իրեն, Կուզմինովը չի պահպանել անվտանգության տարրական նորմերը. հաճախակի այցելել է ռուսների ու ուկրաինացիների շրջանում սիրված բարեր, փողեր է ծախսել ու աչքի ընկել։

Թե կոնկրետ ինչպես են մարդասպանները հասել օդաչուին, ով ապրում էր Իգոր Շևչենկո անունով, դեռևս պարզ չէ, սակայն երկու բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաներ NYT-ին հայտնել են, որ նա կապվել է Ռուսաստանում գտնվող իր նախկին ընկերուհու հետ և հրավիրել նրան Իսպանիա: «Դա լուրջ սխալ էր»,- ասել է պաշտոնյան:

Փետրվարի 13-ի առավոտյան սպիտակ Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենա է ժամանել բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոտնակ, որտեղ ապրում էր Կուզմինովը։ Մեքենան կայանված է եղել վերելակի և փողոց տանող թեքահարթակի հատվածում։ Քաղաքացիական գվարդիայի աշխատակցի խոսքով՝ երկու հանցագործներ մի քանի ժամ սպասել են Կուզմինովին։ Ժամը 16.20-ի սահմաններում նա մեքենայով մտել է կայանատեղի, կայանել մեքենան ու գնացել դեպի վերելակը։ Դարանակալածները դուրս են եկել մեքենայից, ձայն տվել Կուզմինովին և վեց անգամ կրակել նրա ուղղությամբ. նշվում է, որ նա փախուստի դիմելուց հենց վեց կրակոց էր արձակել իր ծառայակիցների վրա:

Վիրավորը մի քանի քայլ է արել ու ընկել թեքահարթակի վրա։ Հարձակվողները, հեռանալով հանցագործության վայրից, վրաերթի են ենթարկել սպանվածի դիակը։ «Ուղերձը պարզ էր՝ քեզ կգտնենք, կսպանենք, կջախջախենք ու կնվաստացնենք»,- ասել է քաղաքացիական գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյան։

Ոստիկանությունը հանցագործության վայրում հայտնաբերել է «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի պարկուճներ, գրում է թերթը և դրանք անվանում հանցագործների ծագումը մատնանշող ապացույցներ։

Ոստիկանության ներկայացուցիչները կարծում են, որ կայանատեղիի տեսախցիկների կադրերով ֆիքսված երկու մարդասպանները ակնհայտորեն պրոֆեսիոնալ են գործել. նրանք արագ սպանել են Կուզմինովին և անհետացել:
Հանցագործների մեքենան, որը գողացել էին սպանությունից մի քանի օր առաջ, հայտնաբերվել է դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Քննիչները կարծում են, որ ավտոմեքենան հրդեհվել է հատուկ նյութերի կիրառմամբ։ Քաղաքացիական գվարդիայի ստորաբաժանումը հետաքննությունն իրականացնում է խիստ գաղտնի։

Բարձրաստիճան ոստիկանները NYT-ին հայտնել են, որ Մաքսիմ Կուզմինովի սպանությունն ունի նույն հատկանիշները, ինչ Չեչեն Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունը 2019 թվականին Բեռլինում և 2018 թվականին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ГРУ-ի նախկին սպա Սերգեյ Սկրիպալի սպանության փորձը։ Այդ հանցագործությունների մեջ կասկածվում էին ռուսական հետախուզության ծառայությունները։ Տարբերությունն այն է, որ Կուզմինովի սպանության մեղավորները դեռևս չեն հայտնաբերվել, և պաշտոնապես չի հաղորդվել, թե արդյոք կասկածյալներ կան։

The New York Times-ը նշում է, որ սպանությանը ռուսական իշխանությունների մասնակցության ուղղակի ապացույցներ դեռ չեն հայտնաբերվել, թեև El País թերթն ավելի վաղ գրել էր, որ իսպանական հետախուզական ծառայությունները չեն էլ կասկածում, որ առկա է «ռուսական հետք»։ Իսպանիայի իշխանությունները մինչ այժմ չափազանց զգույշ են վերաբերում միջադեպին և հրապարակավ չեն մեղադրել Կրեմլին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular