ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր լիազորություն վարչապետին. լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության հարցը դեռ հստակ չէ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պետական պահպանության ծառայությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ Պետական պահպանության ծառայությունն առանձնացել է ազգային անվտանգության ծառայությունից՝ դառնալով վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ծառայության առաջնահերթ առաքելությունը ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովումն է, որը ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։

Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից: Այս մասին նշվում է նախագծի հիմնավորման մեջ: Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում այդ բացերը լրացնելու համար և շարունակաբար կատարելագործում է թե՛ ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե՛ իր զինծառայողների մասնագիտական կարողությունները: Ծառայությունում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը միջազգային չափորոշիչների համապատասխան կառույց ձևավորելն է։

Նախատեսվող բարեփոխումների ռազմավարությունը պայմանականորեն պետք է բաժանված լինի երկու մասի՝ միջազգային նվազագույն չափորոշիչների ապահովում և շարունակական զարգացում։ Ըստ ներկայացված նախագծի, նախատեսվող բարեփոխումները հիմնված են լինելու իրականացված կարիքների գնահատման և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա և վերաբերելու են ծառայության գործունեության բոլոր ոլորտներին՝ կառուցվածքային վերափոխումներ, նախնական ուսուցում և վերապատրաստում, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում, տեխնիկական և հատուկ կապի միջոցներով հագեցվածության մակարդակի բարելավում, հատուկ միջոցներով և զենքզինամթերքով հագեցվածության ապահովում, ստանդարտ գործառնական ընթացակարգերի ընդունում և մի շարք այլ հարցեր։

Նախագծի ընդունման արդյունքում վարչապետին կվերապահվի լիազորություն՝ հաստատելու պետական պահպանության ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի արդյունքում օրենսդրական հիմքեր կստեղծվեն ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար։ Նշվում է նաև, որ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտութան և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների հարցին հնարավոր կլինի անդրադառնալ նախագծի ընդունումից հետո մշակվող՝ ՀՀ վարչապետի որոշման նախագծի շրջանառման ժամանակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular