ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանացի փորձագետը կանխատեսել է էլեկտրական ռազմական տեխնիկայի ապագան. «Ուկրաինայում լայնորեն կիրառվում է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան երկրներում քաղաքացիական տրանսպորտը էլեկտրատրանսպորտով փոխարինելու միտմանը զուգահեռ ի հայտ է եկել նույնը մարտական մեքենաների դեպքում կիրառելու պատրաստակամություն, գրում է topwar.ru-ն։

Միևնույն ժամանակ, շատ վերլուծաբաններ կասկածի տակ են դնում զորքերը «էլեկտրականացնելու» փորձերի ռացիոնալությունը։

Ինչի հետ համաձայն չէ իսպանացի փորձագետ Խուան Կառլոս Անդրես Հերերոն, ով իր մտքերն է հայտնել Infodefensa հրատարակության էջերում։

Նրա խոսքով, ուկրաինական պատերազմի ժամանակ հետախուզական և հակատանկային ստորաբաժանումները, ինչպես նաև՝ Ուկրաինայի զինված ուժերի սուրհանդակային ծառայությունը, ակտիվորեն օգտագործել են Eleek ընկերության AtomMilitary էլեկտրական մոտոցիկլետները:

«Սա առաջին հակամարտությունն է, երբ էլեկտրոմեքենաներ են լայնորեն կիրառվել մարտական գործողություններում։ Ընդամենը 60 կգ քաշով մոտոցիկլետը կարող է անցնել մինչև 150 կմ առանց մարտկոցը լիցքավորելու։ Այն ունակ է կրել մինչև 150 կգ բեռ և զարգացնել 90 կմ/ժ առավելագույն արագություն, բացի դա, արտակարգ իրավիճակների դեպքում հնարավոր է շարժվել «հեծանիվ» ռեժիմով և խնայել մարտկոցի էներգիան։ Էլեկտրամոտոցիկլետը ուկրաինական ստորաբաժանումներին հնարավորություն է տալիս գործել անաղմուկ, որն ապահովում է վճռական մարտավարական առավելություն։ Նրանց անաղմուկ մոբիլությունը և ցածր ջերմարձակման հնարավորությունը ապահովում են մանևրելու ունակություն և դժվարխոցելիություն», - նշել է հեղինակը։

Էլեկտրամոտոցիկլի մարտկոցները լիցքավորվում են հենակետերում և վերահսկվող տարածքներում, սակայն անհրաժեշտության դեպքում մոտոցիկլետը կարող է միանալ ընդհանուր սնուցման աղբյուրին:

2023-ին General Motors Defense-ը ներկայացրել է իր նոր Hummer EV-ը՝ ամբողջովին էլեկտրական դասակի մարտական մեքենա: Այն սնուցվում է 200 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով, որն ապահովում է մոտավորապես 450 կմ հեռահարություն:

«Այնուամենայնիվ, չնայած իրենց մարտավարական առավելություններին, մարտկոցները ներկայումս ապահովում են մարտական մեքենաների սահմանափակ ինքնավարություն: Բացի այդ, լիցքավորման ժամանակը կարող է հասնել մի քանի ժամվա», - բացատրել է հեղինակը։ 

Պենտագոնը նախատեսում է մինչև 2050 թվականը մարտադաշտում լայնորեն օգտագործել ամբողջովին էլեկտրական տեխնիկա: Սկզբի համար ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է հենվել հիբրիդների վրա, մասնավորապես, խոսքը վերաբերում է խոստումնալից XM30 հետևակի մարտական մեքենային, որը փոխարինում է Bradley-ին։ Ինչպես նշել է հեղինակը, նոր նյութերի և տեխնոլոգիաների մշակումը կարող է բարձրացնել մարտկոցների արդյունավետությունը։

Այստեղ առանցքային կետը էներգիայի խտությունն է, որի ավելացումը հանգեցնում է մարտկոցի քաշի և ծավալի նվազմանը: Այդ առումով ամենաարդյունավետը լիթիում-իոնային մարտկոցներն են: Ներկայումս դրանք ունեն մոտ 150 Վտ/կգ էներգիայի խտություն։

«Նոր նյութերի և ատոմային կառուցվածքների արտադրությունը հնարավորություն է տալիս ստեղծել մարտկոցներ, որոնք ավելի արագ են լիցքավորվում, ավելի երկար են պահում էներգիան և ունեն ավելի մեծ խտություն», - կարծում է հեղինակը։

Ներկայումս հետազոտություններ են իրականացվում նանոտեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծված հիմնական հիբրիդային նյութի մշակման համար, որը բաղկացած է տիտանի երկօքսիդից և տիտանի նիտրիդից: Այդ համակցությունը ստեղծում է լիթիումի սուլֆիդային (Li-S) մարտկոց 2600 Վտ/կգէներգիայի խտությամբ՝ սիլիկոնային նանոլարային անոդով:

«Անհրաժեշտ է սպասել մի քանի տարի, մինչև մարտկոցների տեխնոլոգիան բավականաչափ հասունանա, որպեսզի թույլ տա էլեկտրական մեքենաների լայնածավալ օգտագործումը մարտերում», - եզրակացրել է հեղինակը կանխատեսելով ապագան նոր տեսակի տեխնոլոգիայի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular