ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շենգենյան գոտու երկրների թիվը ավելացավ երկուսով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շենգենյան գոտին, որը ստեղծվել է 1985 թվականին, թույլ է տալիս ավելի քան 400 միլիոն մարդու ճանապարհորդել Եվրոպայում՝ առանց ներքին սահմանների հսկողություն անցնելու:

Կիրակի օրը՝ մարտի 31-ին, 13 տարի սպասելուց հետո, Բուլղարիան և Ռումինիան միացան Եվրոպայի Շենգենյան ազատ տեղաշարժի գոտուն՝ թույլ տալով իրենց քաղաքացիներին ճանապարհորդել օդային և ծովային ճանապարհով՝ առանց սահմանային ստուգումներ անցնելու։ Սակայն այս երկրների համար դեռ գործելու է ցամաքային սահմանափակում:
Ավստրիան վետո էր դրել,  ինչը նշանակում է, որ նոր կարգավիճակը չի տարածվի ցամաքային երթուղիների վրա: Հիշեցնենք, որ դա արվել է այն բանից հետո, երբ Վիեննան մտահոգություն հայտնեց ապաստան հայցողների հնարավոր հոսքի վերաբերյալ։
Այս կապակցությամբ Ռումինիայի ավտոմոբիլային տրանսպորտի գլխավոր արհմիություններից մեկը՝ UNTRR-ը, կոչ է արել «հրատապ միջոցներ» ձեռնարկել՝ Շենգենյան գոտուն ամբողջությամբ ինտեգրվելու համար, քանի որ սահմանին մշտապես բեռնատարների երկար հերթեր են: Ըստ արհմիության, նրանք ստիպված են լինում սպասել ութից 16 ժամ Հունգարիայի սահմանին, Բուլղարիայի սահմանին՝ 20-ից 30 ժամ, իսկ մնացած դեպքերում սպասումը տեւում է մինչեւ երեք օր։
Չնայած մասնակի անդամակցությանը, երկու երկրների օդային և ծովային սահմաններին հսկողության վերացումը կարևոր խորհրդանշական նշանակություն ունի։
«Սա մեծ հաջողություն է երկու երկրների համար և պատմական պահ Շենգենյան գոտու՝ աշխարհի ամենամեծ ազատ տեղաշարժի գոտու, համար», - շաբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Միասին մենք կառուցում ենք ավելի ուժեղ, ավելի միասնական Եվրոպա մեր բոլոր քաղաքացիների համար»:
Բուլղարիայի և Ռումինիայի հետ միասին Շենգենյան գոտին այժմ ներառում է 29 անդամ՝ ԵՄ անդամ 27 երկրներից 25-ը, գումարած Շվեյցարիան, Նորվեգիան, Իսլանդիան և Լիխտենշտեյնը: Խորվաթիան դարձել է Շենգենյան գոտու 27-րդ անդամը 2023 թվականի հունվարին։
Ռումինիայի կառավարությունը հայտարարել է, որ Շենգենյան կանոնները կկիրառվեն չորս ծովային նավահանգիստների և 17 օդանավակայանների վրա, իսկ մայրաքաղաք Բուխարեստի մոտ գտնվող Օտոպենի օդանավակայանը կդառնա Շենգենյան թռիչքների ամենամեծ հանգույցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular