«ՀԺ». Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշն այլեւս չի աշխատում SAS-ում. մանրամասներ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 13-ին Hayastan24.com կայքում սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որում լսվում էր, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝ այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ:
Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների եւ ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով:
Մեզ հաջողվել է զրուցել Արտակ Սարգսյանի համար ձայներ չբերածներից մեկի՝ Սիրանուշ Թումասյանի հետ: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով ժողովը վարողը ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞ անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:
Ներկայացնենք մեր զրույցը Սիրանուշ Թումասյանի հետ:
Սիրանուշ, «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության մեջ ձեր անունն էր հնչում, որ ձայներ չեք բերել: Ուզում էի իմանալ ձեր համար խնդիր առաջացա՞վ, թե՞ ոչ:
Որ ձայներ չենք բերե՞լ: Հա: Չէ-չէ, բան չի եղել:
Որեւէ ձեւով չպատժեցի՞ն ձեզ:
Չէ, չէ, չեն պատժել:
Աշխատո՞ւմ եք, շարունակո՞ւմ եք աշխատել:
Չեմ աշխատում, բայց պատճառը դա չի:
Դո՞ւրս եք եկել աշխատանքից:
Չէ, ես ուղղակի մեկի տեղն էի փոխարինում, ինքը արդեն եկել է, թե չէ խնդիրներ չի առաջացել:
Լրատվամիջոցներով տարածվել էր ձեր ժողովի ձայնագրությունը, որտեղ աշխատակիցներից մեկին հարցնում էին՝ ով ինչքան ձայն է բերել:
Հա, դե էդ բոլորն էլ գիտեն: Մենակ ես չէի, բոլորին հերթով զանգո՞ւմ եք:
Բա ինչո՞ւ էին էդպես վախեցնում: Ո՞վ էր ձեզ հետ նման կոպիտ տոնով խոսողը:
Ես չգիտեմ, կոպիտ չէր, երեւի իր խոսելու ձեւն է:
Դե ձեզ ասում է՝ «մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞ անենք»: Սա վիրավորական չէ՞:
Դե հիմա, ամեն մարդ մի ձեւ ունի: Մենակ ինձ չեն ասել, այնպես որ ես կոպիտ չհամարեցի:
Ճի՞շտ է, որ Արտակ Սարգսյանի եղբայրն էր ժողովը վարողը՝ Արամը:
Ես չգիտեմ...Ես իրենց հետ ոչ մի կապ չունեմ, համ էլ ինքը աշխատողների հետ շատ լավ է վարվում:
Իսկ ինչո՞ւ չեք աշխատում:
Հիմա չեմ ուզում աշխատել, չեմ աշխատում:
Հիշեցնենք, որ դատախազությունն ուսումնասիրում է այդ ձայնագրությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում