ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական զորավարժության ձայները լսվում էին Երասխում, աղջիկս վախեցավ, թե՝ «պատերազմը սկսվել է, կրակում են»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի սահմանամերձ Երասխ բնակավայրում հաստատված կիսով չափ հայ, կիսով չափ ռուս Վասիլի Սուքիասյանը տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանի Քաջավան գյուղից։ Նա ծնողների հետ 1995 թվականին է Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել հոր ծննդավայր։

Արցախի ամբողջական հայաթափումից հետո բնակության նոր վայր են ընտրել Երասխը։  Վասիլին MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ չնայած ճակատագրի հեգնանքին, այստեղ փորձում է ուղղել մեջքը, նոր կյանքը սկսել նոր կետից։ 

«Դժվար է, բայց այլ տարբերակ չունենք, պիտի գոնե երեխաների համար ապրենք»,- ասում է նա։ 

Վասիլին զինվորական է։ Մասնակցել է Արցախի համար մղված բոլոր պատերազմներին, վերջինը ճակատագրական դարձավ, քանի որ պայքարն անարդյունք եղավ։ Տեղահանվելուց հետո կնոջ՝ Թագուհու և անչափահաս 6 երեխաների հետ եկել են Երասխ։ Այստեղ անվճար հիմունքներով բնակարան են առաջարկել։

«Ո՛չ ջուր կար, ո՛չ նորմալ տանիք, ո՛չ էլ բաղնիք։ Քանի որ կարողանում եմ վերանորոգման աշխատանքներ կատարել, նորոգեցի, որքան հնարավոր էր։ Հետո պայմանագրային հիմունքներով ուզեցի շարունակել ծառայությունս։ Ադրբեջանական դիրքերն այնքան մոտ են, որ գյուղում բոլորը պետք է զինվոր լինեն․ մեր բակից երևում է թշնամու դրոշը: Տհաճ է, իհարկե, որ այսքան մոտ են, բայց մենք էլ ապրում ենք ինչպես մյուսները։ Իրենց զորավարժության ժամանակ ձայները լսվում էին գյուղից։ Աղջիկս եկավ վախեցած, թե՝ «պատերազմը սկսվել է, կրակում են»։ Արցախի ճանապարհն անցած Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք չի վստահում Ադրբեջանին, մանավանդ, որ այսքան մոտ են։ Դրա համար 2 անգամ հերթափոխի եմ գնացել, բայց քանի որ քաղաքացիության, նոր գրանցման ու թղթաբանության հետ կապված հարցեր կային, դուրս եկա»,- ասում է  մեր զրուցակիցը։ 

Երասխում հաստատվելուց հետո Վասիլիի ընտանիքին օգնություն են ցուցաբերել Հայաստանում և արտերկրում ապրող սրտացավ մարդիկ։ Խոզեր ու ածան հավեր է գնել։ Նպատակ ունի առաջիկայում նաև անասնապահությամբ զբաղվել, բայց այս պահին դեռ հնարավորություն չունի։

Բնակարանը, որտեղ ապրում են Սուքիասյանները, տնամերձ հողամաս չունի։ Աշխատասեր այս ընտանիքը մեծ ցանկություն ունի զբաղվելու նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ 

«Որ անընդհատ բողոքեմ, ոչ մի բանի չենք հասնելու, փառք Աստծո, որ անվնաս ենք տեղ հասել։ Չնայած ուշքս, միտքս Քաջավանի մեր տանն է, հորս, մորս գերեզմանները: Առաջին հնարավորության դեպքում պատրաստ եմ հենց առաջինը վերադառնալ, միայն թե ոչ ադրբեջանցիների հետ համակեցությամբ»,- ընդգծում է Վասիլին։ 

2023 թվականի սեպտեմբերյան մարտերին Վասիլին եղել է դիրքերում։ Փրկվել է՝ ճեղքելով շրջափակումը, Շուշիի տանկի հարակից հենակետից իր հետ դուրս բերելով 2 կին կապավորի, բուժքրոջն ու ևս 2 վիրավորի։ 

«Աստված չանի, բայց եթե այստեղ էլ գործողություն սկսվի, երասխցիների հետ ես էլ եմ զենք վերցնելու, որ տունս, երեխաներիս ու հայրենիքս պաշտպանեմ»,- հավելեց Վասիլի Սուքիասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular