ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվից տեղեկացրել են՝ Դավիթը գերի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գերիների վերադարձն ավելի կմոտեցնի սպասված խաղաղությունը…» 

Ալլահվերդյանների ընտանիքում ավելի քան 6 ամիս սպասում են հրաշքի։ Սեպտեմբերի 19-ից սկսված մղձավանջը դեռ չի ավարտվել սզնեքցի ընտանիքի համար։ 

Որ 35-ամյա Դավիթ Ալլահվերդյանը գերության մեջ է, ընտանիքն իմացել է ավելի ուշ, երբ նա զանգել է Բաքվից։ «Կեսօրին գյուղը, որ ադրբեջանական դիրքերին մոտ էր, սկսեցին հրետակոծել։ Իրարանցում սկսվեց։ Մի քանի ժամ պատսպարվելուց հետո դուրս եկանք ու ոտքով ճամփա ընկանք։ Բոլոր կողմերից կրակում էին, իսկ Դավիթն ուղեկցում էր մեզ, որ անվնաս հասնենք Խաչմաչ։ Մեզ թողնելուց հետո նորից վերադարձել է, որ մյուսներին դուրս բերի…. գնաց ու հետ չեկավ»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է մայրը՝ տիկին Դարիկոն։ 

Ընտանիքը Խաչմաչում երկար չի սպասել, քանի որ կարճ ժամանակ անց նրանք ևս տարհանվել են։

Մայրն ասում է՝ հետ գնալ Սզնեք հնարավոր չէր, դրա համար գնացել է Ստեփանակերտ, այնտեղ` սպասել որդուն։ Դավթի կինը՝ Թագուհի Ասրյանը, ասում է, որ օրերով սպասել են ամուսնուն, սկզբից մտածել են, որ գյուղը գրավելուց հետո, հնարավոր է, հայտնվել է շրջափակման մեջ։ 

«Այդպես անորոշ, առանց որևէ լուր իմանալու մենք էլ տեղափոխվել ենք Հայաստան ու այստեղից սկսել որոնումները։ Սակայն, հոկտեմբերի 7-ին Բաքվից զանգ ենք ստացել, Դավիթն ասաց, որ հայտվել է գերության մեջ»,- ասում է Թագուհին՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմը բաց կթողնի իր ամուսնուն, և նա կմիանա ընտանիքին։

«Մենք 3 անչափահաս երեխա ունենք։ Չեք պատկերացնում, թե ինչ մեծ երազանքով են երեխաները սպասում իրենց հորը։ Հույս ունեմ և հավատում եմ, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանին կփոխանցի այնտեղ պահվող բոլոր գերիներին, և դա ավելի կմոտեցնի սպասվող խաղաղությունը»,-նշում է երիտասարդ կինը։

Նշենք, որ Ադրբեջանի հրապարակած պաշտոնական տեղեկության համաձայն՝ Բաքվում գերության մեջ գտնվում է 23 հայ, այդ թվում և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular