ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է այնպես անել, որ հաշվի առնվեն և տնտեսվարողների շահերը, և քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը․ ԱԺ-ում քննարկվել են բենզինի և հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 4-ին կազմակերպած աշխատանքային քննարկման օրակարգում բենզինի և հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրներն էին: Քննարկմանը մասնակցում էին վառելիքի վաճառքով զբաղվող ընկերությունների, ոլորտի հետ առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ դեռևս փետրվարի 5-ին հանդիպել էին ոլորտի տնտեսվարողների հետ և քննարկել տարբեր հարցեր, որոնց մեծ մասը կապված է եղել գործող կարգավորումների հետ: Վառելիքի լիցքավորմամբ զբաղվող տնտեսվարողները ներկայացրել էին առաջարկներ և դժգոհություններ: «Պարզ դարձավ, որ խնդիրը կապված է ոչ թե տեսչական մարմինների հետ, այլ այն կարգավորումների, որոնց հիման վրա տեսչական մարմիններն աշխատում են»,- ասել է Բաբկեն Թունյանը և հավելել, որ այսօրվա հանդիպումը միտված է համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ վերստին քննարկելու խնդիրները: «Հույս ունենք, որ այս հանդիպումը կավարտվի ավելի առարկայական եզրահանգումներով»,- ասել է նա:

Տնտեսվարողների ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը հայտնել է՝ խնդիրն այն է, որ ոլորտի գործունեության սկզբից ի վեր Հայաստանում առկա է այն իրավիճակը, որը գրեթե չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված կարգերին, ձևերին և նորմերին: «Այսօր իրողությունն այն է, որ ունենք բազմաթիվ՝ սեփականության վկայական ունեցող, շինարարական և համապատասխան բոլոր թույլտվություններով կառուցված ավելի քան 20-30 տարի շահագործվող օբյեկտներ, որոնք այսօր փակման վտանգի տակ են, քանի որ կիրառվում են մի քանի շինարարական նորմեր և կանոններ, որոնք անթույլատրելի են դարձնում համապատասխան տեսչական մարմնի կողմից տվյալ օբյեկտի գործունեությունը»,- ասել է նա: Արա Հովհաննիսյանը փոխանցել է տնտեսվարողների առաջարկը, այն է՝ վերանայել գործող շինարարական կանոնները և նորմերը, որ արդյունքում լինի այնպես՝ հնարավոր լինի տարանջատել գոյություն ունեցող և գործող օբյեկտը նոր կառուցվող և նախագծվող օբյեկտից: Ըստ նրա՝ 40-50 տարի առաջ մշակված նորմերն այլևս արդիական չեն տեխնոլոգիական և այլ առումներով:

Ելույթ ունեցողը ներկայացրել է միջազգային փորձը, նշել, որ այսօրվա վառելիքը որակապես տարբերվում է մի քանի տասնյակ տարի առաջ եղած վառելիքից, հետևաբար բենզալցակայաններին ներկայացվող պահանջները պետք է համապատասխան լինեն: Ըստ նրա՝ վառելիքի վաճառքով զբաղվող օբյեկտների գործունեության արդյունքում այսօր 100 մլրդ դրամ մուտք է լինում պետբյուջե: Նշվել է, որ բենզալցակայանների մեծ մասում առկա է մեկ հրշեջ ջրածորան (հիդրանտ), սակայն պահանջվում է ունենալ երկուսը, ինչը խնդրահարույց է՝ ըստ տնտեսվարողների: Նշվել են նաև այլ պահանջներ:

Պետական մարմինների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց կառույցների դիրքորոշումները, ինչպես նաև օրենսդրական այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ոլորտի կարգավորումները: Փաստարկվել է երկրորդ հիդրանտի կարևորությունն անվտանգության ապահովման տեսանկյունից:

«Հայնախագիծ» ԲԲԸ տնօրենի խորհրդական Սաշուր Քալաշյանի խոսքով քաղաքաշինական նորմերը մի նպատակ ունեն. ապահովել բնակչության, մարդու ապրելու և արարելու անվտանգ միջավայրը: Նրա խոսքով ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 20 տարիներին բենզալցակայանների մեծ մասը գործել է հախուռն կերպով, շատ անգամ առանց թույլտվության կամ սխալ թույլտվությամբ, այնուհետև, երբեմն անօրինական կերպով, ստացել կադաստրային գրանցում: «Բոլոր դեպքերում, բենզալցակայանների անվտանգությունը պետք է ապացուցվի կամ հիմնավորվի օրենքով, գիտականորեն՝ նկատի ունեմ: Գիտականորեն հասկացվի, վերլուծվի և որոշում կայացվի»,- ասել է նա:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է՝ պետք է այնպես անել, որ հաշվի առնվեն ե՛ւ տնտեսվարողների շահերը, ե՛ւ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը:

Որոշվել է համապատասխան կառույցի համակարգմամբ շարունակել հարցի քննարկումը՝ նպատակ ունենալով վերանայել ոլորտի կանոնակարգումները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular