Թմրամիջոցների հայտնաբերման հերթական դեպքերն են արձանագրվել
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ապրիլի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նորամարգ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ կանեփի չորացված, մանրացված զանգված է պահում: Ստուգման նպատակով նրանք այցելել են նշված հասցե: Տղամարդը հայտնել է, որ անասնագոմում պահում է կանեփից պատրաստված թմրանյութ: Նա նշված վայրից ներկայացրել է թմրանյութով լցված պլաստմասսե տարա և հայտնել, որ թմրանյութն իր օգտագործման համար է, պատրաստել է վայրաճ կանեփից:
39-ամյա նորամարգցին ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին , ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Թմրամիջոցի հայտնաբերման հաջորդ դեպքն արձանագրվել է Վաղարշապատի բաժնում: Քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 4-ին այցելել են 41-ամյա էջմիածինցու տուն: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ ունի կանեփից պատրաստված չոր զանգված, որը պահում է անձնական օգտագործման համար: Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 1 կգ 600 գրամ զանգված: Հայտնել է, որ ինքն է անձնական օգտագործման համար վայրաճ կանեփի թփերից պատրաստել թմրանյութը:
41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Թմրամիջոցի հայտնաբերման մյուս դեպքը գրանցվել է ոստիկանության Տավուշի բաժնում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած օպերատիվ տեղեկությունը Տավուշի բաժնի ոստիկաններն իրացրին ապրիլի 4-ի ժամը 21.10-ին:
Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող 38-ամյա տղամարդը, ով Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ է, նկատելով ոստիկանության ծառայողներին՝ գրպանից հանել և իր կողմից շահագործվող «ՎԱԶ 21099»-ի տակ է նետել թղթե փաթեթ, այնուհետև ոստիկանների պահանջով վերցրել և ներկայացրել է այն՝ հայտնելով, որ փաթեթի մեջ թմրամիջոց է:
38-ամյա տղամարդը ներկայացվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղ պարզվել է զանգվածի քաշը՝ 2,57 գրամ: Տղամարդը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատրաստել է կանեփի վայրաճ թփերից՝ անձնական օգտագործման համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: