ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրապետյանը կընդունի՞, որ պետությանը այդ չափի վնաս է պատճառել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացված վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ։ Սրա մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նկատենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործով Դատախազությունը դատարանից պահանջում էր հօգուտ ՀՀ պետական բյուջեի, համապարտության կարգով, շուրջ 5 միլիարդ 678 միլիոն դրամ բռնագանձել Ս. Մայրապետյանից և Գ. Հակոբջանյանից՝ որպես պետության պատճառված վնասի հատուցում։

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ 2002 թ. մայիսի 16-ից Գ. Հակոբջանյանը Ս. Մայրապետյանի առաջարկով փաստացի ստանձնել է վերջինիս պատկանող «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ Ընկերությունը պայմանագիր է կնքել այլ ՍՊԸ-ի հետ, որի հիմքով վերջինիս իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006 թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք: «Կառուցումից անմիջապես հետո Ս. Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006 թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Գործընթացի հետևանքով Գ. Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում. այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.678.764.260 դրամի հարկ»։ 

Ըստ երևույթին, Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է մասնակի՝ ի սկզբանե պահանջվածից շուրջ 1 միլիարդ 678 միլիոն դրամից պակաս։

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ, ըստ դատարանի, վճիռը պետք է երեկ հրապարակված  լիներ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, սակայն մինչ այժմ չկա: 1or.am լրատվականը ևս դատական տեղեկատվական համակարգում վճիռը չգտավ։

Նկատենք, որ Մայրապետյանի ներկայացուցիչները նախորդ նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որի մերժման կամ բավարարման մասին ևս տեղեկություն հրապարակված չէ։ Հավելենք, որ միջնորդությանը միացել էին նաև Հակոբջանյանի ներկայացուցիչները։

Փաստաբան Արսեն Հարությունյանին խնդրեցինք դատական ակտի վերաբերյալ մանրամասներ հայտնել՝ ինչո՞ւ է բավարարվել մասնակի, պատրաստվո՞ւմ են բողոքարկել Առաջին ատյանի դատարանի վճիռը, և, ի վերջո, Մայրապետյանը, արդեն կայացված դատական ակտի պարագայում կընդունի՞, որ պետությանը այդ չափի վնաս է պատճառել։ Սամվել Հարությունյանը չպատասխանեց հարցերին՝ նշելով, որ Սամվել Մայրապետյանի կողմից լիազորված չէ վարույթի վերաբերյալ տեղեկություններ հայտնել և հարցազրույցներ տալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular