2 հեշտոցով եւ 2 արգանդով «անպտուղ» կինը երեխայի է սպասում.ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ32-ամյա Քրիսթա Շվաբը ծնվել է 2 հեշտոցով, 2 արգանդով եւ արգանդի 2 վզիկով: Բժիշկները համոզված էին, որ նա երբեք երեխաներ ունենալ չի կարող, սակայն հիմա Քրիսթան արդեն հղիության 5-րդ ամսում է: Նա տղա կունենա, որը հիմա հասունանում է նրա ձախ արգանդում:
Մինչ այս Քրիսթան 2 անգամ հղիացել է, որոնք վիժմամբ են ավարտվել: Սակայն Քրիսթան եւ նրա ամուսին Քորթնին չեն հուսահատվել:
«Երկար տարիներ ամուսնուս հետ արտասվել, աղոթել, երազել ենք երեխայի մասին: Երկուսիս համար էլ շատ ծանր էր, քանի որ շատ էինք ցանկանում երեխաներ ունենալ»,- ասել է Քրիսթան:
Այն, որ վերարտադրողական զույգ օրգաններ ունի, Քրիսթան իմացել է, երբ 12 տարեկան էր: 20 տարեկանում նա ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ եւ նրան անմիջապես պատմել է, որ ինքը չի կարող երեխաներ ունենալ: Այդ պահից ի վեր նրանք հակաբեղմնավորիչներ չեն օգտագործել՝ չէին կասկածում, որ Քրիսթան կարող է հղիանալ: Ճիշտ է, երկուսն էլ շատ էին ցանկանում երեխաներ ունենալ, եւ գրեթե ամեն ամիս Քրիսթան հույսով հղիության թեստ էր կատարում:
«Հազարերորդ բացասական թեստից հետո ես դադարել էի ինչ-որ բան հուսալ: Անցյալ դեկտեմբերին ես մի փոքր գիրացել էի եւ գնեցի գուցե հղիության միլիարդերորդ թեստը, չնայած դա փողի զուր վատնում էր թվում: Սովորաբար ես շատ էի աղոթում, հույս փայփայում, բայց այդ անգամ ընդհանրապես ոչ մի բանի հույս չունեի: Եվ հանկարծ թեստը դրական արդյունք ցույց տվեց: Ես արտասվեցի, դա մեծ ցնցում էր, հատկապես ամուսնուս համար»,- պատմել է Քրիսթան:
Նրա հղիությունն առանձնահատուկ է ոչ միայն այն պատճառով, որ նա տեսականորեն անպտուղ էր, այլեւ այն պատճառով, որ պտուղը զարգանում է ձախ արգանդում, որտեղ ձվաբջիջներ չպետք է լինեն. Քրիսթայի մոտ գործում է միայն աջ ձվարանը, որտեղից ձվաբջիջները կարող են հայտնվել միայն աջ արգանդի մեջ: Երկու արգանդների միջեւ «անցուղի» չկա, որով ձվաբջիջը կկարողանա ընկնել ձախ արգանդի մեջ: Այս պատճառով բժիշկները մինչ օրս չեն հասկանում, թե Քրիսթան ինչպես կարող էր հղիանալ, այն էլ՝ ձախ արգանդում:
Սովորաբար 2 արգանդով կանանց, եթե հղիանում են, կեսարյան հատում են կատարում, բայց Քրիսթան հույս ունի, որ կարող է երեխային ինքնուրույն ծննդաբերել: Բժիշկները կարծես նրա լավատեսությունը չեն կիսում եւ խորհուրդ են տալիս կեսարյանին տրամադրվել:
«Մենք 10 տարի փորձել ենք երեխա բեղմնավորել, եւ ահա՝ այն մեզ հաջողվել է: Ես ցանկանում եմ, որ նույնպիսի խնդրով կանայք չհուսահատվեն եւ չդադարեն հրաշքներին հավատալուց: Քանի որ հրաշքներ պատահում են»,- ասել է Քրիսթան: