ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինանսական խարդախությունները թափ են հավաքում. նորանոր մեխանիզմներ են գործարկվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են դառնում ֆինանսական խարդախությունների զոհ՝ կորցնելով հսկայական գումարներ: Ավելին, խարդախները ժամանակ առ ժամանակ նորանոր տարբերակներ են «մոգոնում» և մարդկանց գցում իրենց ծուղակը: «Փաստ» թերթի տեղեկություններով, բացի արդեն «հանրահայտ» դարձած մեխանիզմից, երբ ինչ-որ բան գնելու և գումար փոխանցելու անվան տակ իբր «Հայփոստի», իսկ իրականում «Հայփոստի» հետ որևէ կապ չունեցող էջով կորզում են բանկային տվյալներ ու հափշտակում գումարներ, վերջին շրջանում նոր մեխանիզմներ են ի հայտ եկել: Առաջիկայում մենք կանդրադառնանք դրանցից մի քանիսին՝ մեր քաղաքացիներին հերթական անգամ տեղեկացնելու զեղծարարության մասին և հնարավորինս նրանց հետ պահելու նման ծուղակներից:

Օրինակ՝ օրերս ոստիկանությունը տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով օրական մինչև 20 000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Արդյունքում լրացնելով անձնական տվյալները՝ մարդիկ դառնում են խաբեության զոհ և ունենում ֆինանսական կորուստներ։ Մեր տեղեկություններով, վերջին օրերին նույնաբովանդակ նամակներ են ստացվում նաև «դրսի» հեռախոսահամարներից, օրինակ՝ +880 կոդով (Բանգլադեշ):

Հաջորդ մեխանիզմը, որ խարդախները կիրառում են վերջին շրջանում, վերաբերում է իբր վարկի չեղարկմանը: Զեղծարարները կապ են հաստատում քաղաքացու հետ, ընդ որում՝ տվյալ անձի բանկի հեռախոսահամարին շատ նման հեռախոսահամարից, ներկայանում որպես բանկի աշխատակից և հայտնում, որ քաղաքացու անունով ձևակերպվել են վարկեր, որոնց չեղարկման նպատակով պետք է անցնել հղմամբ: Այնուհետև զեղծարարներն ուղղորդում են նշված հղման միջոցով մուտք գործել տվյալ անձին սպասարկող բանկի օնլայն համակարգ և ինքնուրույն չեղարկել վարկերը։ Բնականաբար, այդպիսով մարդիկ զեղծարարներին հասանելի են դարձնում իրենց մուտքային տվյալները, ինչից հետո խարդախները յուրացնում են նրանց գումարները: Ավելին, կարող են նաև օնլայն վարկեր ձևակերպվել: Մեր տեղեկություններով, բավական տարածված են նաև իբր «ներդրումների» անվան տակ կատարվող հափշտակությունները, որի մեխանիզմներին կանդրադառնանք առաջիկայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular