ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տարածքում կառանձնացվեն և կընտրվեն գիտականորեն ու իրավական առումով հիմնավորված կարևոր թռչնաբանական տարածքներ. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է սահմանել կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչները: Կարևոր թռչնաբանական տարածքները (ԿԹՏ) «Important Bird Areas» կամ «IBA» միջազգային ծրագրի հայալեզու անվանումն է: Դրանք թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ են, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար: Միջազգայնորեն ընդունված չափորոշիչները ներառում են բավականին կոմպակտ տարածքներ, որտեղ տեղի են ունենում չվող թռչունների կուտակումներ, օրինակ՝ լճափնյա կամ ծովափնյա հատվածները, լեռնաշղթաների երկայնքով ընկած հատվածները, լեռնանցքները, ինտրազոնալ բիոտոպերը, որոնք գրավում են չվող թռչուններին (անտառային կղզիներ բաց լանդշաֆտներում, լճի ավազաններ և այլն):

Չնայած տարանցիկ թռիչքի դեպքում թռչունների համար կարևոր է միայն օդային տարածքը, այնուամենայնիվ՝ դրա տակ գտնվող տարածքի պաշտպանությունը նույնպես կարևոր է թռչուններին այնպիսի սպառնալիքներից պաշտպանելու համար, ինչպիսիք են, օրինակ՝ որսը կամ վտանգավոր խոչընդոտների կառուցումը (բարձրավոլտ էլեկտրացանցեր, ռադիոկայաններ, հողմակայաններ և այլն): Կարևոր թռչնաբանական տարածքները միշտ չէ, որ ներառում են միայն չխաթարված կամ քիչ խաթարված բնածին տարածքներ, հաճախ որպես ԿԹՏ-ներ հանդես են գալիս նաև մարդածին լանդշաֆտները՝ ձկնաբուծական լճակները, ջրամբարները, արհեստական անտառտնկարկները, անտառազուրկ տարածքները և այլն:

ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը BirdLife International միջազգային կազմակերպության նպատակային խնդիրն է, որին անդամակցում է նաև մեր երկիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնապահպանական ազգային քաղաքականությունը ձևավորվում է հիմք ընդունելով նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնում է համապատասխան միջազգային պայմանագրերին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով թռչունների պահպանության միջազգային միության (BirdLife International) կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները տեղայնացնելու և ազգային օրենսդրական կարգավորումներում արտացոլելու հանգամանքը, մշակվել է այս նախագիծը:

Այս նախագծի կյանքի կոչմամբ ԿԹՏ-ների որոշման չափորոշիչները որպես գործիքակազմ կտեղայնացվեն և կստանան իրավական կարգավիճակ, որի շնորհիվ հնարավորություն կընձեռվի Հայաստանի տարածքում առանձնացնել և ընտրել գիտականորեն ու իրավական առումով հիմնավորված կարևոր թռչնաբանական տարածքներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular