Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի երեք բնակավայրերի աշակերտներին
ԻՐԱՎՈՒՆՔՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 6-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի և Աբովյանի դպրոցների 13-16 տարեկան շուրջ 3 տասնյակ աշակերտների:
Դպրոցականների հետ հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Արևշատ բնակավայրի ղեկավար Ստեփան Նիկոլյանը:
Հանդիպման ընթացքում աշակերտները հանրապետության գլխավոր դատախազին են ուղղել հարցեր, որոնք վերաբերել են մասնագիտական կողմնորոշմանը, նախընտրած գրականությանը, ինֆորմացիոն «հիգիենային», իրավաբանի համար կարևոր հատկանիշներին, որակյալ կրթություն ստանալու իրավունքին, դեռահասների այլ իրավունքների պաշտպանությանը, կախվածությունների հաղթահարմանը և այլն:
Պատասխանելով աշխարհայացքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող երևույթների մասին աշակերտներից մեկի հարցին՝ Աննա Վարդապետյանը նշել է. «Ամենակարևոր բանը ինֆորմացիոն «հիգիենան» է: Չպետք է թույլ տալ, որ «աղբ» ինֆորմացիան, ինչքան էլ այն գրավիչ մատուցվի, տեղ գտնի մեր ենթագիտակցության մեջ, որովհետև ենթագիտակցությունը ձևավորում է մեր էությունը, մեր էությունը ձևավորում է մեր ճակատագիրը: Դրա համար ձգտեք շփվել խելացի, իմաստուն, դժվար իրավիճակում հայտնված և այդ իրավիճակը հաղթահարած մարդկանց հետ»:
Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպմանը մասնակցած՝ Արարատի մարզի երեք բնակավայրերի աշակերտներին գրքեր է նվիրել: Աշակերտների այն հարցին, թե ինչպես հետագայում կողմնորոշվել գրքերի ընտրության հարցում՝ առաջարկել է գիրքն ընտրելիս ուսումնասիրել հեղինակի կենսագրությունը և ընտրել վերլուծական միտքը զարգացնող գրականություն: