ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հիմա անելանելի վիճակում է․ Կարեն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության 4 գյուղերի հատվածներից: Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք»: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ երաշխավորո՞ւմ է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի երաշխավորում։ Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք։ 

Իսկ երաշխավորո՞ւմ է, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր` ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում։ Բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է վերացնենք»,- ավելացրել է  Փաշինյանը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 1or.am-ին ասաց, որ ինքն այստեղ, ոչ մի քաղաքական տեխնոլոգիայի կիրառում չի տեսնում․ «Նիկոլ Փաշինյանը հիմա անելանելի վիճակում է, որովհետև փլվել է իր վերջին 3-4 տարիների հիմնական վեկտորը՝ այդ կեղծ «խաղաղության խաչմերուկը», և ամեն անգամ ինքը մի նոր բան է մոգոնում։ Հայտարարում է, որ երաշխիք չկա։ Ցանկացած երկրի Սահմանադրությունում գրված է, որ երկրի ղեկավարը, նաև այդ երկրի անվտանգության երաշխավորն է։ Եթե այդ մարդը չի կարողանում երաշխավորել, ապա պետք է թողնի գնա»։

Քաղտեխնոլոգը հիշեցնում է՝ ինքն ու իր նման շատ մասնագետներ, դեռ վաղուց նշում էին, որ երկու աթոռի վրա երկար չի կարողանալու խաղալ։ «Այդ խաղը մի օր ավարտվելու էր և հիմա եկել է այդ պահը։ Հնարավոր չէ անընդհատ բոլորին խաբել»,-նշեց Քոչարյանը։

Հարցին, թե ի՞նչ քաղաքական կեցվածք կարող է ընդունել Նիկոլ Փաշինյանը, քաղտեխնոլոգը հակիրճ պատասխանեց․ «Չկա մեկը, որ կարող է կանխատեսել, այդ անձնավորությանը։ Նա վիրավոր գազանի նման անկյուն է քշված` բոլոր գեոքաղաքական կենտրոնների կողմից։ Ընդ որում՝ բոլորը նրանից իրար հակասող բաներ են պահանջում և այդ իրավիճակում, նման մարդուց կանխատեսել որևէ բանական, որևէ օպտիմալ ինչ-որ լուծում՝ անհնար է»։

Այն, որ այս իշխանությունը չի ցանկանում նույնիսկ, նման իրավիճակում հրաժարվել իշխանությունից, կարծես թե ակնհայտ է։ Մասնագետը հարցին հարցով է պատասխանում։ «Իսկ իրեն ո՞վ է հարցնելու։ Ցանկացած քայլ, ցանկացած գեոքաղաքական կենտրոնից հնարավոր է, ցանկացած պահի»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular