Այսօր պայքարի մեջ կմտնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
ՍՊՈՐՏԹաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները։ Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն ու փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգան գերծանր քաշային կարգում (+109 կգ)։
Ըստ նախնական հայտի մրցաշարին մասնակցելու է նաև Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն:
Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչներն արդեն ավարտել են ելույթները։ 102 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունից հետո հրաժարվել էր պայքարից։ Անդրանիկ Կարապետյանն (89 կգ) էլ զրո էր ստացել պոկում վարժությունում, սակայն ընդգրկվել էր աաջին տասնյակում։ Մեր այդ երեք ծանրորդներն էլ արդեն լրացրել են օլիմպիական վարկանիշային միավորները։
Աշխարհի գավաթի խաղարկությունը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարն է։ Փարիզ-2024-ի ուղեգիր են նվաճում վարկանիշային մրցաշարերում յուրաքանչյուր քաշային կարգում 10 լավագույն արդյունք գրանցած ծանրորդները։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) օլիմպիական ուղեգիր նվաճած ծանրորդների անունները կհրապարակի մայիսի վերջին:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը ներկայացված կլինի երեք ծանրորդով: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր մեկ քաշային կարգում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ: Հայաստանը կանանց պայքարում մասնակից չի ունենա Օլիմպիակա խաղերում: