ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն մի թափթփուկ էսօր գալիս է էս գյուղ ու իր օրենքներն է թելադրում, ոնց որ ես էլ ստեղ իրենց երգի տակ պետք է պարեմ. Եղեգնավանի գյուղապետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր առաջադեմ պետություններում ու առհասարակ ժամանակակից աշխարհում խիստ նկատելի է սեփական երկրի քաղաքացու շահերի պաշտպանության, ինչպես նաեւ օրենքի առաջ հավասարության հարցը:

Դնելով հավասար նժարի վրա բոլոր քաղաքացիներին, չտեսղծելով արհեստական խոչընդոտներ ու պատնեշներ՝ պետությունը հասնում է մի մակարդակի, երբ մարդն իր իրավունքները գործի է դնում ու սպառում հանուն իր հայրենիքի, դրա զարգացման ու առաջընթացի համար: Նշված վիճակը, ինչ խոսք, առավել քան ողջունելի է, սակայն շատ հաճախ այն մեզ համար երանելի, իսկ եթե ավելի անկեղծ՝ անգամ նախանձելի է:

Պարզվում է` 21-րդ դարում դեռ գոյություն ունեն մարդիկ, ինչպիսին օրինակ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի գյուղապետ Հովսեփ Ղազարյանն է, ովքեր տեղյակ չեն, որ քարեդարյան ժամանակներն ու կառավարման ստրկատիրական մոդելներն այլեւս մոդայիկ չեն: Նրանք անգամ տարրական պատկերացում չունեն ժամանակակից աշխարհի, ուր մնաց թե իր իսկ պարտականությունների ու դիմացիցնի իրավունքների մասին:

Ստորեւ ներկայացվող պատմությունը շատերին կհետաքրքրի: Նյութի հերոս գյուղապետը, ով բախտի բերմամբ կամ պատահմամբ ժամանակին հայտնվել է գյուղապետի՝ կարծես թե արդեն սեփականաշնորհած աթոռին, ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «օր ու արեւ չի տալիս» տեղի բնակիչներին: Սույն անձնավորությունն առաջնորդվում է իր կողմից լավ մշակված չգրված օրենքներով ու մեթոդներով, որոնք ձեւավորել է նեղ անձնական շահերի շուրջ:

Ինչպես պատմում է գյուղի բնակիչ Լենտրուշ Պետրոսյանը. «Գյուղի հողի մի մասը գտնվում է փշալարերից այն կողմ՝ սահմանին, ու որպեսզի մարդիկ կարողանան զբաղվել անասնապահությամբ կամ հողագործությամբ, պետք է հատուկ թույլտվություն՝ պռոպուսկ, ստանան գյուղապետից: Պռոպուսկն էլ իր հերթին գյուղացիները տանում ներկայացնում են ռուս սահմանապահներին, որպեսզի կարողանան անցնել ու զբաղվել աշխատանքով: Անձամբ ինձ ու մի քանի մարդկանց գյուղապետը պռոպուսկ չի տալիս, ուզում է մեզ ճնշած պահել:

Մոտ 28 տարի ինքն է գյուղապետ ու ստեղի ժողովրդին միշտ վախի մթնոլորտում է պահում, մարդիկ ճնշված են զգում: Եթե ինքն ասեց, որ մածունը սեւ է, ուրեմն դա էդպես է: Եթե մեկը հակադարձի՝ գյուղապետը նեղություններ է տալիս, պռոպուսկ չի տալիս եւ այլն»-ասաց Լ. Պետրոսյանը հավելելով. «Ես անասնապահ եմ, ունեմ երեք երեխա, որից երկուսն ուսանող են, իսկ մեկը անչափահաս: Ապրուստիս միակ միջոցը անասնապահությունն է: Գյուղապետը ընտրություններից հետո իմ անունը ցանկից ջնջել է ու պռոպուսկ չի տալիս, որ գնամ հոտս արածացնեմ, ընտանիքս պահեմ: Ունեմ 20 եղջերավոր անասուն: Ինչ է գիտի, որ ԲՀԿ եմ ընտրել, ասում է, որ չի տալու պրոպուսկ, ում որ ընտրել ես, թող նա էլ տա: Անձամբ գյուղապետն ունի մոտ 1000 ոչխար, ունի նաեւ խոշոր եղջերավոր անասուններ, ինքն իր հոտն է այդտեղ արածացնում: Ոնց որ սա իր սեփականությունն է, մենք էլ՝ իր ստրուկները, էլ չի ասում, որ մենք այդ տարածքում կենդանիներին արածացնելու համար հարկ ենք վճարում» :

Պարզվում է՝ բռնապետ գյուղապետն այնաստիճան է ոգեւորված իր պաշտոնով, որ իրեն դիմելու դեպքում անգամ հրաժարվում է խոսել խնդրի շուրջ՝ առհամարհելով ու անտեսելով մարդկանց: Նա Լ. Պետրոսյանին անգամ հրահանգել է վերացնել ոչխարների հոտը ու չխփել սեփական բիզնեսին:

Բնակիչներից Արտաշես Ղուլասյանը եւս դժգոհում է, նա պնդում է, որ գյուղապետի կողմից իր նկատմամբ եւս խտրականություն է դրվում. « Հինգ տարի առաջ հայրս ու մայրս գնացել ԲՀԿ են ընտրել ու դրանից հետո գյուղապետը հետս թարսվել է: Ստեղ մի հեկտար հողի կռիվ է գնում: Ես էլ չգիտեմ՝ ինչ անեմ, հայրս անգամ ասել է՝ եթե էսպես պետք է լինի, ես ոտաբոբիկ գնամ անցնեմ սահմանը հասնեմ Ադրբեջան: Բա ինչ անենք, մեզ ստիպում են նման քայլի գնալ»:

Խնդրի շուրջ կապվեցինք նաեւ գյուղապետի հետ, ով, հերքելով բոլոր մեղադրանքները, նշեց. «Եթե մարդ հող չունի, ինչ անասնապահության մասին է խոսքը: Ինքը պետք է պայմանագիր կապի մեզ հետ, որ արոտավայր հատկացնենք »,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու է գյուղապետը խուսանավում գյուղաբնակների հետ հանդիպումներից, ասելով թե ում ընտրել ես թող նա էլ քեզ անցաթուղթ տա.
« Ես նման բան չեմ ասել, ով ձեզ նման բան է ասել, գլուխը պատին է տվել:

Ես անցաթուղթ չտալը ընտրությունների ու ոչ մեկի հետ չեմ կապում: Ես 20 տարի աշխատում եմ էս գյուղում, ամեն մի թափթփուկ էսօր գալիս է էս գյուղ ու իր օրենքներն է թելադրում, ոնց որ ես էլ ստեղ իրենց երգի տակ պետք է պարեմ: Ես անկուսակցկան եմ, Սովետի ժամանակ եղել եմ կոմունիստական կուսակցության անդամ, դրանից հետո ոչ մի կուսակցության չեմ պատկանում ու չեմ էլ ուզում ոչ մի կուսակցությունից լինեմ»:

Ինչ վերաբերում է մարդկանց միակ ապրուսի միջոցից զրկելու ու սեփական բիզնեսն առաջ տանելուն, ապա նա նշեց. «Ես ոչ մեկին չեմ ասել, որ իր ոչխարները վերացնի, ես էլ 1000 գլուխ ոչխար չունեմ: Ես չգիտեմ, թե ում ապրուստի միջոցն ինչ է: Ով ասում է, որ մենք ստեղ արոտավայր ունենք՝ գալիս ու գյուղում տուն է առնում, հիմա ի՞նչ, էդ բոլոր անասնապահներին մենք մեր հողերը պետք է տանք, որ իրենց հոտն արածացնե՞ն: Այ մարդ, մենք չենք ուզում, որ գաք մեր գյուղ, ձեր գյուղում ապրեք: Մեր հողերն իրար կպած են, թող իրենց գյուղում ապրեն:

Մենք այսօր ունենք 37 հեկտար արոտավայր, ես ո՞նց կարող եմ  5000 գլուխ անասուն պահել էստեղ»,- մեր պնդմանը, որ տարածքը հնարավոր է հավասար բախշել տեղաբնակների մեջ գյուղապետը հակադարձեց հետեւյալ կերպ. «Հիմա վաղը մյուս օրն էլի մարդիկ են գալու ու տներ են առնելու, իրենց հետ էլ կենդանիներ են բերելու, էդ ժամանակ ո՞նց անենք: Մենք հավասարության սկզբունքով արդեն բաժանել պրծել ենք: Թող ինձանից մի երկու հոգի էլ դժգոհի, ինչ անեմ, ես հիմա չեմ կարող բոլորի համար Աստված լինեմ, կախարդական փայտիկ չունեմ, որ բոլորի հարցերը միանգամից լուծեմ»,-ասաց նա:

Եղեգնավանի գյուղապետի խոսքից արդեն իսկ պարզ է, թե ինչ արտահայտչամիջոցներով է շփվում իր դուռը թակող, օրվա հացը մի կերպ վաստակող գյուղացիների հետ: Նա հավանաբար մոռացել է, որ բնակիչների խնդիրները լսելը, դրանց հնարավոր միջոցներով լուծում տալը ոչ թե բարի կամքի դրսեւորում է, այլ պարտականություն:

Ինչ վերաբերում է կախարդական փայտիկին, ապա վերջինս հավանաբար տեղյակ էլ չէ, որ կախարդական փայտիկ միայն հեքիաթներում են լինում, իսկ առօրյա կյանքում հարցերը լուծվում են նախ բնակչին լսելով, ապա հնարավորության սահմաններում օժանդակելով:

Լրագրողական հետաքննությունը` շարունակելի…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular