Ինչպես բրիտանացի խորհրդարանականները դարձան առցանց շանտաժիստների զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամայնքների պալատի մի քանի անդամներ դարձել են առցանց ֆիշինգի զոհ՝ հետագա շանտաժի նպատակով։ Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: Նրանցից մի քանիսի հեռախոսահամարները խարդախներին է փոխանցել պատգամավոր Ուիլյամ Վրեգը։ Անցյալ տարվա աշնանից մինչև այս տարվա մարտ ամիսը, բրիտանական խորհրդարանի աշխատանքին ներգրավված առնվազն 20 մարդ՝ աշխատակիցներ, պատգամավորներ և լրագրողներ, անծանոթ համարներից տարօրինակ հաղորդագրություններ են ստացել WhatsApp հավելվածով։ Կախված ստացողների սեռական կողմնորոշումից` (բոլորն էլ տղամարդիկ էին), ուղարկողը ներկայացել է ամեն անգամ տարբեր անուններով՝ Աբի, Չարլի կամ Շառլոտ և յուրաքանչյուր դեպքում տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է նշված անձը սովորաբար անցկացնում իր ազատ ժամանակը: Ձեռագիրը գրեթե բոլոր դեպքերում նույնն էր. նախ, ուղարկողը պնդում էր, որ ճանաչում է հաղորդագրությունները ստացողին և նույնիսկ սիրախաղ են ունեցել ինչ-որ քաղաքական միջոցառման ժամանակ կամ բարում, այնուհետև «զարմացել» է, որ իրեն չեն հիշել, իսկ հետո խոսակցության ընթացքում մերկ լուսանկարներ է ուղարկել: Նույնը պահանջել է զրուցակցից, և, երբ չի մերժվել, հենց այդ անկեղծ լուսանկարն էլ դարձել է շանտաժի առարկա:
Նման հաղորդագրություններ ստացողների թվում են Համայնքների պալատի երեք անդամներ, այդ թվում՝ կառավարության գործող նախարար, երկու քաղաքական լրագրող, հեռուստահաղորդավար և մի քանի կուսակցական աշխատողներ: Politico-ն, որն այս մասին հայտնել է ապրիլի սկզբին, մանրամասնում է Լեյբորիստական կուսակցության աշխատակցի պատմությունը, ով, ի տարբերություն շատերի, կապի մեջ է մնացել համեմատաբար ավելի երկար ժամանակ:
«Շառլոտը», որի հետ նա, իբր, խոսել է կուսակցության համաժողովներից մեկում, գրել է նրան. «Մենք երկար ժամանակ չենք խոսել: Ինչպես ես, դեռ մենա՞կ ես»։ Այնուհետև «Շառլոտան» ասել է, թե իրենք համաժողովի ժամանակ քննարկել են արհմիությունների հետ աշխատանքը, և որ ինքը, նույնիսկ, համոզել է իրեն միանալ միությանը: Սկզբում տղամարդը վստահ չէր, որ նրանք իրականում շփվել են, բայց հետո սկսել է հավատալ չեղած այդ պատմությանը: Խոսակցությունն արագ վերածվել է «հեռահար ինտիմի». «Շառլոտան» տղամարդուն ուղարկել է մի քանի բացահայտ լուսանկարներ, և նույնը պահանջել նրանից: