ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրասիական ընդհանուր տնտեսական դաշտի ստեղծած բարենպաստ պայմաններից օգտվում են ԵԱՏՄ-ի բոլոր անդամները։ Կազմակերպության ներդրած կառուցվածքային մեխանիզմների կիրառման արդյունքում է նաև, որ վերջին երկու տարում Հայաստանին հաջողվել է բավականին բարձր տնտեսական աճ արձանագրել։ Ղազախական երկու լրատվամիջոցներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ևս հատուկ կարևորել էր ԵԱՏՄ-ի ձևաչափի առկայությունը՝ միևնույն ժամանակ հատուկ ընդգծելով ԵԱՏՄ-ի ոչ քաղաքական լինելու առանձնահատկությունը։ Ըստ նրա՝ տնտեսական համագործակցության շրջանակներում շարունակում են զարգացնել փոխգործակցությունը՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու փորձերը:

Թվում է, թե նման դիրքորոշման պարագայում ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովին Փաշինյանի մասնակցության մասով նույնիսկ հարց չի կարող առաջանալ, բայց, արի ու տես, որ վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, թե դեռ հստակ որոշում չկա մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք այդ նիստին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մասնակցելու առումով: Իհարկե, կան տեղեկություններ, որ Փաշինյանն, ի վերջո, մայիսին կմեկնի Մոսկվա: Սակայն նաև չի բացառվում, որ կարող է գնալ ցուցադրական բոյկոտի ճանապարհով։ Այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ի կարևորությունը գիտակցելով հանդերձ՝ ՀՀ իշխանությունները հետևողականորեն զարգացնում են մեկ այլ տնտեսական միավորմանը՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգը։

Բայց ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն, որպես առանձին տնտեսական կառույցներ, անդամակցության մասով անհամատեղելի են։ Իսկ Եվրամիության կողմից նույնիսկ համապատասխան հնարավորություններ ստեղծված չեն այդ կառույցի տարածք հայկական ապրանքների արտահանման համար։ Ու ընդհանրապես, այս պահին անլուրջ են այն խոսակցությունները, թե մեկ այլ կառույց կարող է Հայաստանից արտահանման համար այնպիսի պահանջարկ ստեղծել, ինչպիսի լայն հնարավորություններ հիմա բացում է ԵԱՏՄ-ն։ Այլ հարց է, որ Փաշինյանը փորձում է Արևմուտքին համապատասխան ժեստեր ցույց տալ, թե իրենք շրջվում են դեպի Արևմուտք: Մյուս կողմից էլ՝ Եվրոպայից ապրանքները ներկրվում են Հայաստան, ապա տեղափոխվում ԵԱՏՄ այլ երկրներ՝ մասնավորապես Ռուսաստան, հատկապես այն պարագայում, երբ բազմաթիվ եվրոպական ընկերություններ արևմտյան պատժամիջոցների ու սահմանափակումների պարագայում նախընտրում են գործ չունենալ ռուսական շուկայի հետ։

Իհարկե, Փաշինյանն իրավացի է, երբ նշում է, թե ԵԱՏՄ-ն ապաքաղաքական կառույց է, բայց այստեղ կան մի քանի հանգամանքներ: Նախ՝ եթե Հայաստանը չմասնակցի նրա աշխատանքներին, քայլեր ձեռնարկի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ քաղաքական կապերը խզելու ուղղությամբ, ապա դա, բնական է, դրական չի ընկալվի ԵԱՏՄ մասնակիցների՝ հատկապես Ռուսաստանի կողմից։ Մյուս կողմից՝ հազիվ թե գործընկեր երկրների համար հասկանալի լինի այն հանգամանքը, որ դժգոհություններ հայտնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ապա և ԱՊՀ կառույցներից՝ միևնույն ժամանակ Փաշինյանը «խնդիր չի տեսնում» ԵԱՏՄ-ի ընձեռած բարիքներից լիուլի օգտվելու տեսանկյունից: Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում շատ կարևոր հարց է նաև ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցությունը։

Երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությունն էր, Փաշինյանը «վազելով» գնաց, բայց զարմանալի է, որ Պուտինի երդմնակալության հարցում դեռևս երկընտրանքի տեղ կա։ Պարզ է, որ մայիսի 7-ին երդմնակալությանը չմեկնելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ երկու երկրների՝ առանց այն էլ ոչ լավ ժամանակներ ապրող հարաբերություններում։ Իսկ, ընդհանրապես, Մոսկվա չմեկնելն, ըստ երևույթին, կընկալվի որպես թշնամական դեմարշ։ Ու հաշվի առնելով ուկրաինական և վրացական օրինակները՝ կարելի է կանխատեսել, թե ինչ արձագանք կարող է ունենալ նման որոշումը: Այսինքն, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ դեմարշի դիմի՝ դրդելով Ռուսաստանին՝ որոշակի քայլեր ձեռնարկել, սահմանափակումներ մտցնել, որպեսզի դրա ֆոնին հայ հանրության շրջանում էլ ավելի բորբոքվեն հակառուսական տրամադրությունները։

Բայց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում պետք է հասկանան, որ չի կարելի թույլ տալ, որ մեկ մարդու արկածախնդրության պատճառով երկու ժողովուրդների միջև չհասկացվածություն առաջանա, առավել ևս՝ թշնամանք։ Առանց այն էլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության արդյունքում Հայաստանն ու հայությունն անընդհատ բախվում են լուրջ խնդիրների՝ Հայաստանը միայն պարտություններ է կրում, զիջումներ կատարում հակառակորդին ու տարբեր կողմերից հարվածներ ստանում։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև ստեղծված բարեկամությունը պատմական խորքեր ունի ու դիմացել է ժամանակի փորձությանը նույնիսկ առավել բարդ ժամանակահատվածներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular