ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Politnavigator.net-ը «Փաշինյանը ցանկանում է ԵԱՏՄ-ում հակառուսական ճակատ ստեղծել» վերնագրով հոդվածում գրում է, որ օրերս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Հայաստանի վարչապետի և նախագահի՝ Մոսկվա կատարելիք մոտալուտ այցի մասին: Մոսկվայի հետ հրատապ բանակցություններ վարելու հայկական կողմի ցանկության հիմնական պատճառն այն է, որ ապրիլի 5-ին ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած գագաթաժողովը չի արդարացրել Երևանի սպասելիքները։ Դե, նաև այն, որ, չնայած Ֆրանսիայի անհատական զգուշացումներին, ադրբեջանական բանակը մտադիր չէ կանգ առնել, ինչը ամեն օր ցուցադրում է՝ շփման գծում պարբերաբար հրետակոծություններ իրականացնելով։ Երևանում տիրող խուճապային տրամադրությունների մասին է վկայում փակ ռեժիմով Հայաստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունը, որ սահմանազատման գործընթացը մտել է փակուղի:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս հաստատել է դա՝ նշելով, որ «վերջնական որոշում չկա», այսինքն՝ Տավուշի մարզի չորս գյուղը Ադրբեջանին հանձնելու շուրջ կոնսենսուս չի կայացել։ Փաստորեն, նախապես հայտարարված սահմանազատման գործընթացը ձախողման եզրին է, ինչպես նաև Բրյուսելի և Վաշինգտոնի շնորհիվ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունները։ Հետաքրքիր է, որ գագաթաժողովից հետո Հայաստանի վարչապետը բոլորովին այլ կերպ սկսեց երգել Արևմուտքի դերի մասին՝ հայտարարելով, որ չպետք է հույս դնել նրա ռազմական կամ որևէ այլ օգնության վրա։ Փաստացի, Բաքվի կողմից ավելի վաղ առաջադրված վերջնագրի արդյունքում Հայաստանի ներկայիս իշխանությունը հայտնվել է մուրճի ու սալի արանքում։ Եթե վարչապետի իշխող ՔՊ կուսակցության ընկերները Ադրբեջանին զիջեն երկրի պապենական տարածքում գտնվող չորս գյուղը, ապա դա կարող է զանգվածային անկարգություններ առաջացնել, իսկ եթե չզիջեն, հնարավոր է զինված դիմակայության վերսկսում:
Այսինքն, Երևանում հիմա իսկական հիստերիա է, քանի որ գործից կերոսինի հոտ է գալիս. Փաշինյանը Բրյուսելի գագաթաժողովում Արևմուտքից անվտանգության երաշխիքներ չստացավ, այդ թվում՝ չստացավ իրական զենքի մատակարարում և ֆինանսական ցանկալի ներարկում։ Միաժամանակ, Հայաստանը մեկ քայլ է հեռու ՀԱՊԿ-ից դուրս գալուց և վիճում է Ռուսաստանի ղեկավարության հետ, ինչն առավել քան հավանական է դարձնում ադրբեջանական բանակի նոր հարձակման հավանականությունը։ Ավելին, Բաքուն չի դադարել հայտարարել «Արևմտյան Ադրբեջանի» վերակենդանացման և Սյունիքը վերահսկողության տակ առնելու անհրաժեշտության մասին։ Թուրքիայի դիրքորոշումը ևս ինքնին պատրանքներ չի թողնում, քանի որ նախկին արտգործնախարար Չավուշօղլուն բացեիբաց հայտարարել է, որ «եթե Արևմուտքը, կրկին ուժեղացնելով Հայաստանը, պատերազմ հրահրի, ապա Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին»։
Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե ԵՄ-ն ու ԱՄՆ-ը որոշակի զենք տան Հայաստանին, ապա Թուրքիան Ադրբեջանին եռապատիկ ավելին կտա: Եվ հիմա Հայաստանը գործնականում մենակ է մնացել այն պատառոտելու պատրաստ գիշատիչների դեմ հանդիման և վտանգում է կրկնել ողբերգական փորձը։ Միաժամանակ, չնայած Մոսկվայից աջակցություն ստանալու ցանկությանը, Նիկոլ Փաշինյանը, փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ-ը հայության աչքում, շարունակում է իր նախկին հակառուսական քաղաքականությունը։ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ից պահանջում էին Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, այսինքն, որ ՀԱՊԿ-ը չլինի հայ-ադրբեջանական հակամարտությունում միջնորդ և խաղաղարար, Ռուսաստանին հնարավորություն չընձեռվի փոխշահավետ լուծումներ փնտրել, այլ գործի ընդդեմ Ադրբեջանի և վտանգի ենթարկի տարածաշրջանի կայունությունը։
Ավելին, Մոսկվա կատարած այցի նախօրեին Փաշինյանը փորձում է դաշնակիցներ գտնել ԵԱՏՄ-ի ներսում։ Եվ Աստանան է հանդես գալիս որպես Երևանի՝ այդպիսի «նոր բարեկամ», չնայած այն հանգամանքին, որ Ղազախստանի ղեկավարությունը շտապել էր առաջինը շնորհավորել Բաքվին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի առթիվ: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Հայաստանում էր Ղազախստանի նախագահ Տոկաևը, որը Թյուրքական պետությունների կազմակերպության նախաձեռնողներից է և շահագրգռված է երկիրը միացնել Անդրկասպյան երթուղու ընդհանուր լոգիստիկ նախագծին։ Ինքը՝ Փաշինյանը, չի թաքցնում, որ իրենց համախմբել է Մոսկվայի քաղաքական ինտեգրացիոն նախաձեռնությունները մերժելու միասնական դիրքորոշումը։ «ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է՝ առանց որևէ քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգի։
Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այդ մոտեցումը և փորձում են ճնշել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու բոլոր փորձերը։ Առևտրային ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով»,ասել է Փաշինյանը։ Չնայած իրականում այդ դաշինքը նշանակում է հենց ազատ առևտրի խաթարում, քանի որ և՛ Երևանը, և՛ Աստանան միացել են արևմտյան հակառուսական պատժամիջոցներին, փակել են «Միր» վճարային համակարգը, պատրաստ են կալանել երկակի նշանակության բեռները և այլն։
Այսինքն, փաստորեն, մենք ականատեսն ենք արդեն ԵԱՏՄ-ի ներսում հակառուսական ճակատի ստեղծմանը, որն, ի վերջո, կաթվածահար է անելու և հետագայում ոչնչացնելու է կառույցը։ Ուստի, չպետք է գերագնահատել Փաշինյանի այցը Մոսկվա և չպետք է ենթադրել, որ դրանից հետո Երևանի դիրքորոշումը կտրուկ կփոխվի, քանի որ, դատելով Տոկաևի այցից, հայկական կողմը, ընդհակառակը, փորձում է աջակցություն ստանալ ԵԱՏՄ շրջանակներում և մտադիր է Ռուսաստանի ղեկավարությունից պահանջել նոր նախապատվություններ, զիջումներ, պաշտպանական հովանոց, բայց նաև ցանկանում է թուլացնել Կրեմլի հովանու ներքո գտնվող ինտեգրացիոն գործընթացները։ Դա Փաշինյանի և ներկայիս լիբերալ վերնախավի «խորամանկ» ծրագիրն է, որոնք, չստանալով անհրաժեշտ աջակցությունն ու երաշխիքները ԵՄ-ից և ԱՄՆ-ից, ցանկանում են ստանալ Ռուսաստանի աջակցությունը, բայց, միևնույն ժամանակ ոչնչացնել ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն: Այդ դեպքում արդյո՞ք պետք են նման «դաշնակիցներ»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում