82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Գաղտնիք չէ, որ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ քաղաքային իշխանությունը մտադիր էին առնվազն 2500 ծառ տնկել, որոնցից 150-ը՝ սակուրա։ Մինչդեռ քաղաքի պլանավորման մասնագետներ, ուրբանիստներ, գիտնականներ պնդում են, որ ծառահատման համատարած այս գործողություններն արվում են մասնագիտական ոչ լուրջ հիմնավորումներով. ահազանգում են անգամ Երեւանին սպասվելիք էկոլոգիական մոտալուտ աղետի մասին»։
Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները. ծառերն առժամանակ չեն հատվելու։
Ընդհատումից հետո ՀՈԱԿ-ը հայտարարեց, որ ծառերի «օրենքով սպանդի» արդյունքում փոփոխվել է 350-400 ծառ, այսինքն՝ նախատեսված ծրագրի գրեթե 12%-ը։ Կարճ ասած՝ ձախողումը ձախողման հետեւից։
Այսպիսով՝ ներկայացնենք, թե փոփոխման համար նախատեսված ծառերը որքան արժեն՝ ըստ ՀՈԱԿ-ի կնքած պայմանագրերի։
Ըստ այդմ, նախատեսվում էր ծառերը փոփոխել ալբիցիաներով, գիհի վիրգինյաններով (օճառածառեր), սակուրաներով եւ հուդայածառերով։
Ուսումնասիրելով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գնումները՝ հասկանում ենք, որ բացի այս ծառատեսակներից գնվել են նաեւ այլ ծառատեսակներ, օրինակ՝ ճապոնական բալենի, ճապոնական սոֆորա, ամառային կաղնի, սովորական կատալպա, սոսի՝ արեւելյան։ Այս բոլոր ծառերի գնման պայմանագրի արժեքը կազմել է 82 մլն 168 հազար դրամ։ Նշված պայմանագրով գնվել է 1080 ծառ։
Հարցական է մնում այն, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են պահվում մնացած ծառերը եւ հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել։
Ստացվում է, որ քաղաքապետարանի եւ նրա ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ի թեթեւ ձեռքով հատվեցին Երեւան քաղաքի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող դարավոր ծառերը, որոնք, ըստ գիտնականների, ճակատագրական կլինեն Երեւանի համար։
Քաղաքապետարանը գնել է նաեւ 15 հազար թուփ՝ ճապկի՝ սպիտակ, 4 մլն 156 հազար դրամ արժողությամբ։ Մյուս պայմանագրով գնվել է կիպրոս՝ սովորական եւ լեռնային լոճի թփերի տեսակներ 25 հազար 30 հատ, որոնց արժեքը կազմել է 6 մլն 919 հազար դրամ։ Ձեռք է բերվել 14 հազար վարդ՝ 9 մլն 478 հազար դրամ արժողությամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: