«Համ իրենց գլուխը կազատենք, համ՝ մեր». Բողոքի ակցիա. Տոնավաճառների առեւտրականները նոր առաջարկներ են բերել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՏոնավաճառների առեւտրականներն այսօր՝ ապրիլի 25-ին, կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց: Նրանցից Արմեն Ներսիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն կազմվել է 15 հոգանոց հանձնախումբ, որն այսօր հանդիպում է ունենալու կառավարության ներկայացուցիչների հետ եւ նրանց է ներկայացնելու իրենց առաջարկներն ու պահանջները:
«Մենք առաջարկներ ենք ներկայացնելու, թե ինչպես պայմաններ ստեղծենք, որպեսզի վնաս չլինի ոչ մեզ, ոչ պետությանը: Առաջարկում ենք, որ եթե սահմանն անցնում ենք, սահմանին մեր մաքսերը վճարում ենք, որպեսզի թղթաբանությունը վերանա, իրենց պահանջած 1,5 տոկոսն էլ ենք վճարում սահմանին եւ կազատագրվենք դրանից: Համ իրենց գլուխը կազատենք, համ էլ՝ մեր»,-ասաց նա:
Նշենք, որ այս պահին առեւտրականները սպասում են իրենց իրավաբաններին, որպեսզի կառավարություն մտնեն եւ քննարկեն իրենց առաջարկները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դռեւս ապրիլի 21-ին, «Սուրմալու», «Փեթակ» եւ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության դիմաց՝ նշելով, որ արդեն մի քանի օր՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում եւ հաճախորդներից պահանջում փաստաթղթեր: Առեւտրականների խոսքով, ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու, քանի որ պետք է նոր աշխատող ընդունեն, որը կկատարի այդ աշխատանքները:
ՓՄՁ ներկայացուցիչների բողոքին այսօր անդրադարձել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեն՝ հայտարարելով, որ բողոքն ուղղորդված է:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին, երբ ապրանքների փաստաթղթավորման մասին որոշումը մտավ ուժի մեջ, առեւտրականները մի քանի ամիս բողոքի ակցիաներ անցկացրին՝ ստիպելով իշխանություններին օրենքը հետաձգել որոշ ժամանակ:
Դեռեւս 2015թ. փետրվարին այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել էր, որ փոքր եւ միջին բիզնեսի համար փաստաթղթավորման պահանջը պետությունն ընդմիշտ չի մեղմացնում:
Նա նշել էր, որ չնայած առաջարկվող կարգը հարկատուների համար լիբերալ փաստաթղթաշրջանառություն է թույլ տալիս, կառավարությունն իր վերջնական նպատակից չի հրաժարվում: «Բիզնեսը պետք է հասկանա, որ գործարքները պետք է փաստաթղթավորել, ինչպես դա արվում է ցանկացած քաղաքակիրթ երկրում»,- ընդգծել էր Ճշմարիտյանը: