ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ պետական վիճակագրության, Հայաստանի տնտեսությունը կրկին բուռն աճի ցուցանիշներ ունի։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15,3 %, իսկ տարվա սկզբից սկսած, ավելի ճշգրիտ՝ հունվար-մարտ ամիսներին՝ 14,3 %։ Ինչ խոսք, տպավորիչ թվեր են։ Այսպիսի բարձր աճ ՀՀ տնտեսությունը գրանցում էր դեռ 2022 թվականին, ինչի արդյունքում այդ տարին ամփոփեցինք 12,6 տոկոս տնտեսական աճով։ Բայց հարցն այն է, որ դրանք բառիս բուն իմաստով սոսկ թվեր են, որոնց տակ խորքային, որոշ դեպքերում՝ քողարկված խնդիրներ կան:

Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական գործոններով։ Երբ Ուկրաինայում սկսվեց պատերազմը, և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին, ռուսաստանցիների մեծ հոսք սկսվեց դեպի Հայաստան, որոնք իրենց հետ բերեցին նաև ահռելի կապիտալ՝ նպաստելով ՀՀ տնտեսության աշխուժացմանը։ Բայց ժամանակի ընթացքում նրանց մեծ մասը հեռացավ, ու Հայաստանի տնտեսական աճն արդեն անցյալ տարի սկսեց աստիճանաբար դանդաղել։ Իսկ այս տարվա առաջին ամիսների բուռն աճը պայմանավորված է ոչ թե երկրում ռելոկանտների ներհոսքով, այլ մեկ այլ հանգամանքով։ Տնտեսության կառուցվածքում մեծ չափերով աճում է հատկապես թանկարժեք քարերի ու ոսկերչական ապրանքների արտահանումը։ Ու այս իրողությունը ևս պայմանավորված է արտաքին աշխարհաքաղաքական գործոններով։

Ռուսաստանի թանկարժեք քարերի արտահանման ոլորտը, մասնավորապես ադամանդագործությունը արևմտյան երկրների խիստ պատժամիջոցների տակ է հայտնվել։ Եվ, ըստ երևույթին, ռուսական հումքը տեղափոխվում է Հայաստան, մշակվում, ապա արտահանվում արտերկիր։ Միայն տարեսկզբին 270 միլիոն դոլարի ոսկյա իրեր են արտահանվել Հայաստանից՝ 4,5 անգամով գերազանցելով անցած տարվա ցուցանիշները։ Ընդհանուր առմամբ, այս բարձր տնտեսական աճը ցույց է տալիս ՀՀ տնտեսության խոցելիությունը, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված՝ այն կարող է կտրուկ տատանումներ գրանցել, որովհետև Հայաստանը փաստացի կախված է վերարտահանման կարթից։ Մյուս կողմից էլ որոշակի կառուցվածքային խնդիրներ են նշմարվում, որոնք օրերս ներկայացրել է «Լույս» հիմնադրամը Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների մասին իր վերլուծության մեջ։

Ի մասնավորի, չնայած արդյունաբերության և արտահանման պատմականորեն բարձր ցուցանիշներին, հենց այս ոլորտներում առկա են էական խնդիրներ: Անկումներ են գրանցվում այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունները։ Եվ եթե չհաշվենք թանկարժեք մետաղների ու քարերի արտահանման ավելացումը, ապա կտեսնենք, որ տնտեսության մյուս բոլոր ոլորտներում արտահանման ծավալները հիմնականում կրճատվել են։ Ընդ որում, մյուս ոլորտներում ավելի քիչ է արտահանումը, քան նախորդ տարի էր։

Այսինքն, եթե թանկարժեք մետաղների ու քարերի արտահանման ուղղությամբ որոշակի անկում արձանագրվի, ապա այդ անկումը շեշտակիորեն նկատելի կլինի ողջ արտադրության և արտահանման ոլորտում։ Մյուս մտահոգիչ թեման այն է, որ հարկային եկամուտներն ավելի դանդաղ են աճում՝ ի համեմատություն տնտեսական ակտիվության ցուցանիշների։ 2024 թ. հունվար-մարտին հարկային եկամուտների աճը կազմել է 8,5 % այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում 14,3 % տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել։ Սա վկայում է այն մասին, որ հարկային եկամուտները թերակատարվել են: Ու եթե հունվար-մարտին հարկային եկամուտների որոշակի աճ էլ կա, ապա այն պայմանավորված է հիմնականում եկամտային հարկի և շահութահարկի շեմերի բարձրացմամբ։

Ստացվում է, որ տնտեսության մեջ որոշակի ստվերային հատված է ձևավորվել, որին հաջողվում է դուրս մնալ հարկային դաշտի տիրույթից։ Բացի եկամուտներից, բյուջեի ծախսային հատվածում նույնպես շեղումներ կան։ Օրինակ՝ բյուջեով նախատեսված պլանի համեմատ առաջին եռամսյակում ծախսերը թերակատարվել են: Ընդհանրապես, Հայաստանում թերակատարվում էին կապիտալ ծախսերը, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա թերակատարումը պայմանավորված է ընթացիկ ծախսերի շուրջ 15,9 % թերակատարմամբ, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 35,8 %-ով: Այսպիսի իրավիճակը ցույց է տալիս նաև ծախսերի անհավասարակշիռ վիճակի մասին։ Ու տնտեսության վերելքի պայմաններում տնտեսության մեջ առկա խնդիրներն այդպես էլ չեն հասցեագրվում ու համակարգային լուծումներ չեն ստանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular