ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Հայաստանի Ազգային ժողովից խնդրել է դիրքորոշում արտահայտել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում խոսնակ Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ։ Նրան, մասնավորապես, վրդովեցրել է այն, թե ինչպես է իր հայ գործընկերը խոսում Մոսկվայի մասին։ Միջադեպը դարձել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում բարդությունների հերթական դրվագը, գրում է Ng.ru-ն։

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը կարծում է, որ տեղի ունեցածը լիովին տեղավորվում է ռուս-հայկական ներկայիս հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք հիմա դժվար ժամանակներ են ապրում։

«Հայաստանում դա ընկալվում է այսպես. Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն կանխել հայերի արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, բացի այդ, ռուսական լրատվամիջոցները պարբերաբար հարձակվում են Հայաստանի իշխանությունների վրա։ Դրան ի պատասխան Երևանը բոլոր առկա միջոցներով ձգտում է մերձենալ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին»,- ասել է փորձագետը։

Ինչ վերաբերում է Իսպանիայում Սիմոնյանի բուն ելույթին, ապա այն ցույց է տալիս ոչ միայն Հայաստանի իշխող վերնախավի, այլև հայ հասարակության զգալի մասի տրամադրությունները, կարծում է Եվստրատովը։ Միաժամանակ, նրա կարծիքով, որտեղ էլ որ խոսի այդ մակարդակի քաղաքական գործիչը, միշտ պետք է հիշի, թե որքանով է Երևանը կախված Մոսկվայից։

Հայ քաղաքագետ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Սիմոնյանի ելույթի այն հատվածը, որը դուր չի եկել ռուս սենատորներին, ընդհանուր առմամբ արտացոլում է հայ հասարակության հիասթափությունը Ռուսաստանի հետ երկրի հարաբերությունների բնույթից։ Դա առաջին հերթին վերաբերում է անվտանգության և տեղեկատվական քաղաքականության խնդիրներին։ Այդուհանդերձ, նա նշել է, որ Հայաստանում հասարակական կարծիքի բևեռացման պայմաններում չի կարելի ասել, որ այս կամ այն քաղաքական գործչի հայտարարությունը պաշտպանում են բոլոր քաղաքացիները։ Բայց նա չի կասկածում, որ կա միտում դեպի աճող դժգոհություն Մոսկվայի քաղաքականությունից, չնայած պաշտոնապես պահպանվում է Երևանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը։

Հարկ է նշել, որ հասարակ հայության արձագանքն իշխանությունների գործողություններին իսկապես միանշանակ չէ։ ՄԳԻՄՕ-ի կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը նշել է, որ Դաշնային խորհրդի ներկայացուցչի դիմումը Հայաստանի խորհրդարան չի հանգեցնի Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վատթարացման, այլ ցույց է տալիս առկա ճգնաժամը, որը շարունակում է աճել և հեռու է ավարտից: Առայժմ դա ազդում է քաղաքական և ռազմական շփումների վրա, բայց ապագայում դա կարող է ազդել նաև առևտրատնտեսական համագործակցության վրա, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում։

«Դա մասամբ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությամբ։ Բայց հիմնական պատճառը մնում է Փաշինյանի՝ իշխանության մնալու ցանկությունը։ Այդ նպատակով նա փորձում է Հայաստանի այս իրավիճակի պատասխանատվությունն իրենից տեղափոխել Ռուսաստանի վրա։ Ընդ որում, հայ հասարակության համար առանցքային խնդիրը ոչ թե Մոսկվայի հետ հարաբերություններն են, այլ վստահությունը սեփական իշխանությունների նկատմամբ։ Դատելով այն բողոքներից, որ մենք նկատում ենք ապրիլի վերջից, Փաշինյանի ժողովրդականությունը իջել է աննախադեպ ցածր մակարդակի»,- ընդգծել է Մուխանովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular