ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երեկ՝ մայիսի 2-ին, վարույթն իրականացնող քննիչը մեզ պաշտոնապես ծանուցել է քաղբանտարկյալներ` Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին։

Դա նշանակում է, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան, իսկ առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից»։

Նման հայտարարություն են տարածել Նարեկ Սամսոնյանի պաշտպան` Ռուբեն Մելիքյանը և Վազգեն Սաղաթելյանի պաշտպան` Արսեն Բաբայանը։

Բաբայանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն եղել, բացի մեղադրական եզրակացությանը ծանոթացնելը։

«Միջնորդությունների կարիք էլ չի եղել, դրանք միայն վերաբերել են խափանման միջոցի փոփոխություններին, հետագայում միջնորդություններով հանդես կգանք դատարանում։ Միջնորդության նույնիսկ առիթ չի եղել, քանի որ մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, մեղադրանքի ծավալն ավելացնող որևէ փոփոխություն ևս չի եղել։ Մեկ նախադասությամբ միայն նշել են, որ ուսումնասիրվել են մի շարք հաղորդումներ և այլն»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ մոտ օրերս ինքը և Ռուբեն Մելիքյանը հանդես կգան ասուլիսով։

Ռուբեն Մելիքյանն էլ 1or.am-ին ասաց, որ դեռ քրեական վարույթի նյութերին ամբողջությամբ չի ծանոթացել և նախաքննության ընթացքի վերաբերյալ գնահատական չի հնչեցնի։

«Այս պահին կարող եմ միայն ասել, որ որևէ բան չի փոխվել, սա գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, ազատ խոսքը լռեցնելու փորձ, ծանր վիրավորանքի ապաքրեականացված հոդվածը վերակենդանացնելու փորձ»,- նշեց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկել են մարտի 22-ին՝ այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular