ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյանը շենգավիթցիներին ներկայացրել է քաղաքաշինության ոլորտի ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:

«Ժամանակակից քաղաքի զարգացման դիմագիծն ու այցեքարտը նաև քաղաքաշինությունն է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ նկատելով, որ քաղաքաշինական ծրագրերն են, որ ձևավորում են քաղաքային միջավայր ու փոխում մարդկանց առօրյա կյանքը և ապրելակերպը:

«Տարիներ առաջ քչերն էին հավատում, որ մեզ կհաջողվի կարճ ժամանակահատվածում կյանքի կոչել քաղաքաշինական այնպիսի խոշոր և մայրաքաղաքի համար շատ կարևոր նախագծեր, որոնք տասնամյակներ շարունակ սպասված են եղել Երևանում: Առաջիններից մեկը միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավելի քան 3 կմ մայրուղին էր: Բոլորդ գիտեք, որ այսօր իրականացվում է նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան 23 կմ երկարությամբ Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որի 5 կմ հատվածն արդե՛ն կառուցված ու հանձնված է շահագործման, և Երևանն էլ, ի վերջո, ունի մայրաքաղաքին վայել հարավային պատշաճ մուտք: 
Մինչև 2019 թվականը նախատեսում ենք ամբողջությամբ ավարտել շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որը հաստա՛տ լինելու է մեր քաղաքի կարևոր ձեռքբերումներից մեկը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Հանուն զարգացող Երևանի ուղղված ծրագիրը ևս առաջիկա տարիներին ապահովելու է մայրաքաղաքի աստիճանական զարգացումը բոլոր ուղղություններով: 
«Վստա՛հ եղեք, որ Երևանի զարգացման առաջիկա հինգ տարվա մեր ծրագիրն իրատեսական է ու կշարունակի աապահովել մեր քաղաքի համաչափ զարգացումը: 
Մասնավորապես, քաղաքաշինական ծրագրերի շրջանակում կշարունակենք նոր ճանապարհների ու տրանսպորտային հանգույցների կառուցումը, որոնք հնարավորին կբեռնաթափեն մայրաքաղաքի կենտրոնը: 
Շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակի փողոցների հատվածում, Հրազդան գետի վրա, կկառուցենք նոր կամուրջ: 
Կշարունակենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել վթարային շենքերի խնդիրն ու 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի բնակիչների համար կկառուցենք նոր շենքեր: Վերջին տարիներին մենք կառուցեցինք 6 բազմաբնակարան շենք, և այսօր 650 ընտանիք այլևս առանց վախի ու մտավախության ապրում է նոր ու հարմարավետ բնակարաններում: 
Մի խոսքով, նախատեսել ենք բազում ծրագրեր, որոնք անպայան կիրականացնենք ձե՛զ հետ միասին՝ հանուն Երևանի ապագայի զարգացման»:

Ընդգծելով, որ «Հանուն Երևանի» կարգախոսն իր հիմքում կրում է քաղաքի զարգացման այն տեսլականը, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ իր թիմը երբեք չի խուսափել պատասխանատվությունից և միշտ պատասխանատու է եղել իր բոլոր գործողությունների, քայլերի համար ու վստահեցրել է, որ հետագայում էլ պատասխանատու է լինելու Հանուն զարգացող Երևանի ուղղված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար:
Ըստ այդմ Տարոն Մարգարյանը կոչ է արել շենգավիթցիներին մայիսի 14-ին վստահության քվեն տալ փորձառու և բանիմաց թիմին: 
«Մեր թիմի ամենակարևոր ձեռքբերումը ձեր փոխադարձ վստահությունն ու հավատն է, քանի որ առանց դրա գուցե չհաջողվեր անել այն ծավալի աշխատանքները, որ արվեց այս տարիների ընթացքում՝ ապահովելով մեր մեծ տան զարգացումը:»

 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular