Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս իտալական «Ինտերի» կազմում հռչակվեց Իտալիայի չեմպիոն, բացառիկ հարցազրույց է տվել Առաջին Ալիքի 3:1 հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի:
Մխիթարյանը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչպես է վերաբերվում անվանի ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն ու արդյոք հավանակա՞ն է, որ երբևէ ինքը կընդունի սաուդյան ակումբներից մեկ առաջարկը:
«Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
Առաջին անգամ գնդակին դիպչելիս միշտ այդ սերն է ինձ մոտ եղել: Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար: Ինձ համար այդ դուռը փակ է: Չեմ քննարկում այդ տարբերակը և չեմ էլ ցանկանում, քանի որ եվրոպական ֆուտբոլի մակարդակը, երկրպագուների տաքությունն ու վերաբերմունքը լրիվ այլ է»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը: