ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 երեխաների մայր 30-ամյա կնոջ սիրեկանը հրաժարվել է բաժանվել իր կնոջից. սիրուհին ինքնատիպ վրեժ է լուծել

ԻՐԱՎՈՒՆՔ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Վեներա Բ.-ի գործի դատական քննությունը:

30-ամյա Վեներան ամուսնալուծված է, չի աշխատում, խնամքին ունի 4 անչափահաս երեխա:

Նա մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ Վեներայի կրտսեր դուստրը ծնվել է 2016 թվականի հուլիսի 16-ին՝ Կարեն Շ.-ի հետ ունեցած արտաամուսնական կապից:

Օգոստոսի 19-ին երեխայի հայր Կարենը ցանկացել է տեսնել իր մեկ ամսական երեխային ու երեկոյան ժամը 22-ի սահմաններում գնացել է Վեներա Բ.-ի կողմից վարձակալած՝ Երևանի Ամառանոցային 2-րդ տարածքում գտնվող վագոն-տնակ:

Նա տեսել է, որ չորս անչափահաս երեխաները, նաև՝ մեկ ամսական աղջնակը վագոնում մենակ են, Վեներան տանը չէ:

Կարենը զանգել է Վեներային, հարցրել է, թե որտե՞ղ է, ինչո՞ւ են չորս անչափահաս երեխաները վագոն-տնակում մենակ:

Վեներան վիճել է Կարենի հետ, ասել է, թե տուն չի վերադառնալու, Կարենը պիտի իր բոլոր երեխաներին պահի,  իսկ դրա համար նա պետք է ամուսնալուծվի կնոջից ու գա իր հետ համատեղ ապրելու: Կարենը մերժել է Վեներային, վերջինս էլ որոշել է նրանից վրեժ լուծել:

Օգոստոսի 24-ին, ըստ դատական ակտի, Վեներան, վրեժ լուծելու նպատակով, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել, թե օգոստոսի 19-ին, ժամը 22-ի սահմաններում Կարեն Շ.-ն ոգելից խմիչք օգտագործած վիճակում եկել է իր վագոն-տնակ, անհիմն վիճաբանել է իր հետ ու ոտքերով, ձեռքերով ծեծել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վեներա Բ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, որ օգոստոսի 19-ին ինքը Կարեն Շ.-ին չի հանդիպել: Ժամը 22-ի սահմաններում նրա հետ հեռախոսային խոսակցություն է ունեցել: Կարենն ասել է, թե եկել է իր վարձակալած տնակ ու տեսել է, որ երեխաները մենակ են:

Ինքը պահանջել է, որ Կարենը բաժանվի կնոջից ու իր հետ համատեղ ապրի՝ պահելով իր բոլոր երեխաներին:

Կարենը մերժել է, ինքն էլ ջղայնացել ու որոշել է վրեժ լուծել՝ սուտ հաղորդում տալ, իբր՝ Կարենը ծեծել է իրեն:

Կարենի վրա շատ էր ջղայնացած, բայց հաղորդում տալուց հետո ինքն իրեն չի ներել, որ անմեղ մարդուն մեղադրել է, ներկայացել է ոստիկանություն ու հայտնել է, թե իրականում Կարենը իրեն չի ծեծել:

Կարեն Շ.-ն հայտնել է, որ այցելելով իր երեխային ու տեսնելով, որ չորս անչափահաս երեխաները տանը մենակ են, ինքը զանգել է Վեներային ու հարցրել է, թե նա ե՞րբ է տուն վերադառնալու: Վեներան հայհոյանքներ է տվել իր հասցեին ու ասել է, թե ինքը պիտի պահի բոլոր չորս երեխաներին: Մինչդեռ ինքն ամուսնացած է, ունի իր ընտանիքը, երեխա ունի: Վեներան դրա հետ ոչ մի կերպ չի համակերպվում ու անընդհատ փորձում է ամեն բան անել, որ ինքը բաժանվի ու ապրի նրա հետ:

Ինքը Վեներային բազմիցս ասել է, թե չի հրաժարվում իր երեխայից, բայց նրա հետ համատեղ ապրել չի կարող:

Իրենց հեռախոսային խոսակցության ժամանակ իր մերժումը լսելով՝ Վեներան անջատել է հեռախոսը:

Մի քանի օր հետո Վեներան նորից է զանգել, առաջարկել է, որ համատեղ ապրեն: Ինքը կրկին մերժել է նրան:

Վեներան էլ ասել է, թե կգնա ոստիկանություն ու կասի, իբր՝ ինքը նրան ծեծել է:

Մի քանի օր հետո իրեն հրավիրել են ոստիկանություն, պարզվել է՝ Վեներան, իրոք, սուտ հաղորդում է տվել:

Ինքը հանդիպել է Վեներային, հարցրել է՝ ինչո՞ւ է նման բան արել, նա պատասխանել է, թե խանդում է, ցանկացել է վրեժ լուծել:

Բայց հետո նա իրենից ներողություն է խնդրել ու ասել է, թե կգնա ոստիկանություն ու կհայտնի, որ սուտ հաղորդում է տվել:

Դատարանը հաշվի է առել, որ Վեներա Բ.-ի խնամքի տակ են չորս անչափահաս երեխաները՝ 11, 10, 7 տարեկան ու կրտսեր դուստրը՝ ծնված՝ 2016 թվականի հուլիսի 16-ին: Փաստորեն, մեկ ամսական երեխան ուշ երեկոյան ինչ-որ տարածքում դրված վագոն-տնակում մոր կողմից մենակ էր թողնվել 11, 10 ու 7 տարեկան երեխաների հետ… Սոցիալական ծառայությունները գիտե՞ն այս ընտանիքի, այնտեղ տիրող իրավիճակի ու այնտեղ մեծացող երեխաների մասին…

Վեներա Բ.-ն մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի:

Դատավճիռը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular