Արտակարգ դեպք Լոռվա մայրաքաղաքում․ հոշոտված դիակ՝ քաղաքի մերձակա Փաշիգեղ տեղանքում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արեն Աղաբաբյանը ահազանգել է ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ քիմիական գործարանի հարևանությամբ գտնվող «Փաշիգեղ» կոչվող հանդամասում ինքնությունը չպարզված անձի հոշոտված դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարապետյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ դին ամբողջովին եղել է հոշոտված և անճանաչելի և այս պահին ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աղաբաբյանն աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն։