ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սամվելն ինձ առաջին հայացքից է հավանել: Հայրիկս մահացել էր, երկրորդ մայրիկիս հետ Աշտարակում էի ապրում, որ եղբայրներիս խնամեմ: Աշխատում էի խանութում, կողքի խանութում աշխատում էր Սամվելի հորաքրոջ աղջիկը՝ Ջեմման: Մտերիմ էինք, շփվում էինք, նա էլ միշտ խոսում էր իր քեռու տղայի մասին: Ասում էի, որ ամուսնանալու մասին չեմ մտածում, աշխատում եմ, որ իմ եղբայրների մասին հոգ տանեմ: Այնպես ստացվեց, որ մի օր գործերով Սամվելը եկել էր Աշտարակ, ես էլ գնում էի գերեզմաններ՝ հայրիկիս այցելության, եկել էի Ջեմմային բարևելու ու գնալու, խանութի մուտքի մոտ ես ու Սամվելը հանդիպեցինք: Ինձ ճանապարհ տվեց, անցա ու վերջ: Հաջորդ օրը Ջեմման ասաց՝ Սամվելը տուն է հասել ու ասել, որ եթե ամուսնանամ, ուրեմն` Հասմիկի հետ, հակառակ դեպքում չեմ ամուսնանալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկը:

Սամվելը կարողանում է գրավել Հասմիկի սիրտը, որն այնքան վստահությամբ է ասել, որ չի ամուսնանալու: Հերթական անգամ դիրքերից իջնելուց հետո Սամվելը հանդիպում է Հասմիկի մայրիկի հետ, նրա թույլտվությունն ու համաձայնությունը ստանում, վերադառնում տուն՝ Վարդենիս, քանի որ դիրքեր բարձրանալու ժամանակն էր, օրեր անց իջնում է դիրքերից ու ընտանիքի հետ գալիս Հասմիկի տուն՝ ցույց տալու իր նպատակների անկեղծությունը: Սկսվեց Սամվելի ու Հասմիկի շփումը, որը հիմք դրեց նրանց ընտանիքին, որտեղ ծնվեց նրանց որդին՝ Արմանը: Ընտանիքը և՛ուրախ, և՛ դժվար օրերի միջով անցավ՝ վստահ լինելով, որ իրական սերն ամեն դժվարություն հաղթահարում է: Հասմիկն ասում է՝ Սամվելը շատ հումորով էր:

«Իր կողքին նստող ցանկացած մեկը, ով վատ տրամադրություն կունենար, միանգամից կժպտար: Հիմա հայրիկի բնավորության այդ գիծը մեր որդին է ժառանգել: Շփվող էր, անգամ լրիվ անծանոթ միջավայրում իրեն արագ «գտնում» էր, այդպիսին է նաև մեր տղան: Բարի էր, կամեցող: Սամվելի դրական հատկանիշները հիշելիս աչքիս առաջ մեր տղան է, որն անսահման նման է հայրիկին, դա բոլորն են ասում»: Սամվելը 12 տարվա պայմանագրային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նա հասցրել էր մասնակցել Ապրիլ յան պատերազմին ևս: Հասմիկի հետ մտովի տեղափոխվում ենք 2020 թվական: «Օգոստոսի 27-ին իմ երկրորդ մաման մահացավ: Սամվելն ինձ գրեց, որ երբ դիրքերից իջնի, անպայման կգա: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջավ: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Իրեն որևէ մեկը չի «կանչել», բայց նա նորից բարձրացավ դիրքեր: Խոսում էինք, հարցնում էի՝ ի՞նչ է կատարվում, ասում էր՝ ոչ մի լավ բան»: Սամվելը եղել է Քարվաճառի դիրքերում:

«Իր հրամանատարը միշտ ցավով է նշում՝ վիրավորվեցի, ինձ իջեցրեցին դիրքերից, հաջորդ օրը կորցրեցի իմ Սամոյին ու Ռազին: Տղաները 106-րդ դիրքում են լինում, 105-ը էլ չի լինում, հրամանատարն էլ տեղում չի լինում: Տղաներից մեկն ասում է՝ երկու հոգի կգնա 105 դիրք, որ երևա՝ մերն է, բայց այդ դիրքն արդեն գրաված են լինում: Տղաները՝ Սամվելն ու Ռազմիկը, քայլելով մի դիրքից մյուսն են գնում: Հասնում են, ձայն լսում, որ օգնության է կանչում: Սամվելը օգնել է, դուրս բերել վիրավորին, բայց հայտնվել է հակառակորդի դիպուկահարի թիրախում: Ռազմիկը պայթել է»:

Հասմիկի խոսքով, շտապօգնության մեքենա է եկել: «Վիրավոր տղան, Սամվելին թողնելով, գնացել է դեպի մեքենան: Սամվելն արնաքամ է լինում: Մի քանի ժամ նա ողջ է եղել: Երեկոյան յոթի կողմերը մեծ մեքենա է եկել, որ մեր զոհված տղաներին տեղափոխի: Մեկն ասել է, որ ողջ մարդ կա, արձագանքել են՝ ոչինչ, շտապօգնության մեքենա չկա, «զիլով» կտանենք, իսկ «զիլով» զոհված տղաներին էին տեղափոխում»: Սամվելն անմահանում է հոկտեմբերի 19ին: Հասմիկն ասում է՝ հոկտեմբերի 18-ին Սամվելը նրան նկար է ուղարկել: «Գրել էր՝ խնդրում եմ՝ սա իմ տղուն ցույց կտաս, իմ վերջին նկարն է: Երբ բարկացա, ասաց՝ խնդրում եմ, Հա՛ս, իմ շիրիմը վառ կպահես: Առհասարակ, ամեն դիրք բարձրանալուց դա ասում էր, բարկանում էի, բայց վերջին նկարն ուղարկելուց ասաց՝ Հա՛ս, սա վերջն է»: Երբ հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս կյանքը շարունակելու, Հասմիկն արձագանքում է. «Աստծո նկատմամբ հավատքը, որ Սամվելը միշտ ինձ հետ է, ու իմ Արմանը»:

Հ. Գ. - Սամվել Անանյանը հուղարկավորված է Վարդենիսի Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատանը՝ մայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular