ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ռուսաստանը որոշակիացնում են իրենց դաշնակցային պարտավորությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, նիստը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում երկիրը այդ տնտեսական ինտեգրման հիմնական շահառուներից է, գրում է ng.ru-ն։ Դաշնակիցներն ամփոփել են 10 տարվա համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև քննարկել են ԵԱՏՄ զարգացման ռազմավարության իրականացումը մինչև 2025 թվականը։

Սակայն օրվա գլխավոր ինտրիգը եղել է Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ, ով նախօրեին հինգերորդ անգամ պաշտոնապես գլխավորել է Ռուսաստանը։ Հայաստանի ղեկավարը բաց է թողել ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը, քանի որ այդ օրը նա մեծ ասուլիս էր տալիս։ Մասնավորապես, լրագրողների հետ զրույցում Փաշինյանը մի շարք բողոքներ է հայտնել Ռուսաստանի դեմ։

Մոսկվան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի բանակցությունների հիմնական թեման առնչվել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հարցերին։ Ինչպես ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այդ բանակցություններն անհրաժեշտ էին երկու կողմերին։ Հայ քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը կարծում է, որ այժմ Մոսկվայի և Երևանի միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են ԽՍՀՄ փլուզումից հետո ամենացածր կետում։

«Հայաստանի իշխանությունները կարծում են, որ իրենց ռուս գործընկերները չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները ռազմաքաղաքական ոլորտում, և փոխարենը ստանում են հակառուսական մեղադրանքներ։

Ըստ էության, Մոսկվայի դիրքորոշումը թույլ է տալիս Երևանին արդարացնել իր զարգացման արևմտյան ուղին, իսկ Երևանի վարքագիծն օգտագործվում է Մոսկվայի կողմից արդարացնելու իր գործողությունները Հարավային Կովկասում։ Դժվար թե կողմերը կարողանան շեղվել այդ ճանապարհից, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել»,- կարծիք է հայտնել փորձագետը։

ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը, ընդհակառակը, կարծում է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար են աշխատում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու ուղղությամբ, միաժամանակ հասկանալով, թե ինչ տնտեսական օգուտներ կարող են կորցնել ԵԱՏՄ-ից հրաժարվելով։

Մոսկվան իր հերթին փորձում է պահպանել դաշինքը Երևանի հետ։ «Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը չի ենթարկվում բացատրության։ Ակնհայտ է, որ Երևանը հիասթափված է Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններից և Հայաստանի անմիջական տարածքի վրա ուժային ազդեցությունից Մոսկվայի արձագանքից։

Բայց մի բան է անվտանգության ոլորտում լրացուցիչ գործընկերներ փնտրելը, և բոլորովին այլ բան՝ միևնույն ժամանակ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելը»,- ասել է Սիլաևը ng.ru-ին։

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը նույնպես կարծում է, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերանայման ուղղություն են վերցրել։

«Փաշինյանի իշխանության տեսանկյունից Ռուսաստանի հետ դաշինքն իրեն չի արդարացրել: Նրանք մի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության կուրս են սահմանել, մյուս կողմից՝ Արևմուտքի հետ մերձեցման կուրս։

Միաժամանակ Փաշինյանը մտավախություն ունի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ խզումը, մասնավորապես ԵԱՏՄ-ից դուրս գալը, կարող է լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների հանգեցնել երկրում, որը հղի է ներքաղաքական խնդիրներով։ Ուստի նա մտադիր է ավելի կառավարելի դարձնել այդ բացը և նվազագույնի հասցնել իր իշխանության համար հնարավոր ռիսկերը»,- ենթադրել է Խալաթյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular