ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարությունը՝ Շուռնուխի բնակիչների 2024 թ. փոխհատուցման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել խոստացված տները։ Տեղեկությունը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, հայտնեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Մայիսի սկզբին գրել էինք, որ Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ և դեռ նոր տները չեն ստացել, իշխանությունը կտրել է նրանց ամսական դրամական օգնությունը, որը, ի թիվս այլ բաների, ծախսվում էր վարձավճարը մուծելու համար։

Նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ կառավարության 2021 թվականի փետրվարի որոշման համաձայն սոցիալական օգնությունը պետք է տրամադրվեր մինչև 2023 թվականի դեկտեմբերը ներառյալ, ինչն էլ իրականացվել է:

«2024 թվականին այդ միջոցառման իրականացման համար պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն», - նշված է պատասխանում։

Նշենք, որ երբ իշխանությունը հերթական անգամ տապալեց նոր թաղամասի կառուցման ժամկետները (թաղամասը պետք է պատրաստ լիներ դեռևս 2021 թվականին)։ Քանի որ 2023–ին դեռ չէին հանձնել տները, հոկտեմբերին որոշեց վճարումների ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի ավարտը։

«Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ», - նշված էր կառավարության որոշման մեջ։

Մեզ հայտնեցին, որ շինարարական աշխատանքներն ավարտված են։ Շինարարական աշխատանքներն ընդունելու համար հանձնաժողով է ստեղծվել, որն արդեն այցելել է օբյեկտ։

Տները բնակիչներին հանձնելու հարցով մեզ առաջարկեցին դիմել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ ՏԿԵՆ-ը պատասխանեց, որ նախարարությունը գործընթացում «դեռ ներգրավված չէ»։

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը (13 տուն) անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։ Սակայն շինարարության ավարտի ժամկետն արդեն 6 անգամ պաշտոնապես հետաձգվել է։ Քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի վերջին հարցմանը պատասխանել էին, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular