Ի՞նչ է ուզում Մոսկվան Հայաստանից
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՀԱՅԵԼԻ / Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: Երեկ այս տեղեկությունը տարածեց ՀՀ արտգործնախարարությունը:
Այս հանդիպման մասին խոսվում էր վերջին շաբաթներին, սակայն պարզ չէ, թե ռուսական կողմը` ինչ նպատակով է ցանկանում կազմակերպել եռակողմ հանդիպումը:
Մոսկովյան հանդիպման նախօրեին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ քննարկել է ԼՂ հարցը: Հետխորհրդային տարածքում առկա սառեցված հակամարտությունները, այդ թվում` ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը չեն վրիպում պաշտոնական Մոսկվայի ուշադրությունից, ասել է Լավրովը` Զանիերի հետ Մոսկվայում կայացած ասուլիսում:
«Մենք տեսնում ենք ԵԱՀԿ ձգտումը` օժանդակել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը: Նաև ականատեսն ենք Անդրկովկասում անվտանգության և կայունության պահպանմանն ուղղված ժնևյան բանավեճին ԵԱՀԿ դրական մասնակցությանը: Այդ բոլոր ուղղություններում կարգավորման ճանապարհին բավական լուրջ խոչընդոտներ են առկա: Այնուհանդերձ, [կարգավորման գործընթացներում] ներգրավված բոլոր արտաքին խաղացողները հակված են պայմաններ ստեղծել` հակամարտություններում անմիջականորեն ներգրավված կողմերի միջև փոխզիջումների որոնման համար», ասել է Լավրովը` տեղեկացնելով նաև, որ Լամբերտո Զանիերի այցի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ համագործակցությունն այն կազմակերպությունների հետ, որոնցում առաջատար դիրք է զբաղեցնում հենց պաշտոնական Մոսկվան:
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և դրանից հետո նոր կառավարության կողմից իրականացվելիք աշխատանքներին ու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումներին, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորություններին: Սերժ Սարգսյանը և Հերբերտ Զալբերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունները, այս փուլում առկա խնդիրներն ու մտահոգությունները, հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հանձնառության իրականացմանն ու հնարավոր աջակցության ուղիներին վերաբերող հարցեր: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Եվրամիությունը շահագրգռված է և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:
Մոսկվան շարունակում է ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, ավելի ճիշտ` կողմերին «կառավարելու» իր հիմնական գործառույթը: ԵԱՀԿ ՄԽ-ի մյուս երկրները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեմ չեն Մոսկվայի ակտիվությանը: Ոչինչ չանելն ավելի վատ է, քանի ինչ-որ բան անելը, տվյալ դեպքում` կողմերի գոնե հանդիպումներ կազմակերպելն ու ցույց տալ, թե բանակցությունները շարունակվում են, հետևաբար` իրավիճակը սահմանում վերահսկելի է:
Բայց միևնույն է, Մոսկվան արդեն մեկ տարի է, ինչ չի խոսում անցյալ տարի Վիեննայի, և այնուհետև Սանկտ Պետերբուրգի հանդիպումների հիմնական պահանջի չկատարման գլխավոր պատասխանատու Բաքվի ապակառուցողական դիրքորոշման մասին: Այն մասին, որ ամենակարևոր պահանջը ապրիլյան պատերազմից հետո` սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, այդպես էլ չիրականացվեց, քանի որ Բաքուն դա չի ցանկանում:
Ի՞նչ հնարավոր պայմանավորվածություններ է ակնկալում Մոսկվան Հայաստանից ու Ադրբեջանից` որպես բանակցությունների հիմնական դերակատար, եթե Ադրբեջանը տապալել է ամենահիմնական պահանջը …
Իսկ գուցե անակնկա՞լ են պատրաստել Հայաստանի համար… Դատելով ռուսական կողմի վերջին շաբաթների հայտարարություններից` Մոսկվան կենտրոնացել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի վրա:
Ի դեպ, որպես Հայաստանի «ռազմավարական» դաշնակից Ռուսաստանը շարունակում է գործընկեր Ադրբեջանին զինելու քաղաքականությունը: Երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Կից զետեղված է նաև տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ: 2007-2008թթ., Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա: