ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը որևէ հիմք չունի սովետական սահմաններ պահանջելու. Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առաջին ՄԻՊ-ի խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է պնդել, որ պետք է վերականգնվեն Սովետական Ադրբեջանի տարածքները, ապա նախ պետք է Ադրբեջանին համոզի, որ դառնա Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ։

Այստեղ էական է համարում նաև այն, որ Ադրբեջանը դուրս գա ՀՀ-ից զավթած տարածքներից։

«Սովետական Սահմանադրությունը հստակ գրել է, որ Սովետական Ադրբեջանի կազմի մեջ մտնում են երկու տարածքներ՝ Նախիջևանի ինքնավար Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի ինքավար մարզը։ Այստեղ, որևէ անկլավների մասին խոսք չկա։

Չնայած այս բոլոր փաստարկներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հենց այդ հռչակագրի մեջ կան սահմանազատման և սահմանագծման հիմքեր. սա անգրագիտություն է։ Ամբողջ աշխարհի համար դարձել ենք ծիծաղի առարկա։ Չկա նման մի երկիր, որտեղ սահմանազատման մասին համաձայնություն չլինի ու սկսի սահմանագծումը։ Սա ոչ թե սահամանազատում է, այլ մեկ անձի քմահաճույքով տեղի ունեցող գործընթաց է։

Մհեր Գրիգորյանն իրավունք չունի պետության անունից մի փաստաթուղթ ստորագրելու, որը դառնա սահմանազատման հիմք։ ՀՀ Սահմանադրությունը ոտքի տակ դրած՝ ապօրինի որոշումներ ընդունելով, գնում են առաջ։ Դատելով արդյունքներից, էլի ու էլի պնդում եմ, որ այս խումբը եկել է իշխանության` Հայաստանն օր առաջ Ադրբեջանին բռնակցելու հստակ ծրագրով»,- կարևորեց Ալավերդյանը։

Բանախոսը հարց է բարձրացնում՝ եթե սովետական քարտեզներով և տարածքներով ու օրենսդրությամբ ենք առաջնորդվում, ապա ինչո՞ւ Արցախն ինքնավար մարզի կարգավիճակ չունի՝ ամեն ինչ միակողմանի զիջումներո՞վ է։ Հենց այս ամենը հաշվի առնելով է, որ Ալավերդյանն իր գաղափարակիցների հետ հայտարարություն է ստորագրել՝ Ալմա-Աթայի հռչակագիրն անվանելով կեղծ։

ՀՀ գործող իշխանությունից Հրանտ Բագրատյանը, Լարիսա Ալավերդյանը, Արամ Սարգսյանը և Միհրան Շահզադեյանը պահանջում են դադարեցնել միջազգային իրավական փաստաթղթերի նենգափոխումը պետական և միջազգային մակարդակով:

1or.am-ը Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են հռչակագրի գործածումը կեղծ համարում։ «Ալմա-Աթայի հռչակագիրն իր մեջ չի պարունակում այն բանաձևերը, որով այսօր հանդես է գալիս օրվա իշխանությունը։ Հռչակագրում գրված է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանները։ Այդ պահին գոյություն ունեցող սահմաններից դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Բացի այդ, Ադրբեջանը ետ է կանչել իր ստորագրությունը և դրանով չի եղել մասնակից այդ հռչակագրին։ Այսօր գործող Ադրբեջանը մերժում է Սովետական Ադրբեջանի մաս լինելը և իրեն հայտարարել է դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ այդ Հանրապետությունն Ազգերի լիգան չի ճանաչել։ Այսինքն՝ Ադրբեջանը որևէ հիմք չունի սովետական սահմաններ պահանջելու։

Ավելին, այսօր էլ Ադրբեջանը չի ճանաչում այդ հռչակագիրը և համաձայն չէ Հայաստանի օրվա իշխանության հետ, որ պետք է գործընթացն առաջ տանել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա» -1or.am-ի հետ զրույցում նշեց Ալավերդյանը։

Եթե դուք հակառակն եք պնդում, ասում եք, որ հռչակագրին նման երանգ հաղորդելը կեղծ է, ապա ինչպե՞ս է, որ միջազգային հարթակներում՝ Բլինքենը, Միշել, ողջունում են Ալմա- Աթայի հռչակագրի հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունները։

Լարիսա Ալավերդյանը հարցին ուրույն պատասխան է հնչեցնում․

«Միջազգային պրակտիկան է ցույց տալիս, որ երբ կա միջազգային հանրության խոշոր խաղացողների կողմից գերնպատակ, նրանք անտեսում են բոլոր տեսակի իրավունքները և օրենքները։ Տվյալ դեպքում` կոլեկտիվ Արևմուտքին հետաքրքիր չէ որևէ ժողովրդի իրավունքը, ինքնորոշումը։

Նրանց հետաքրքիր է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը, թուլացնել Իրանը, Ռուսաստանի ազդեցությունը փոխարինել Թուրքիայով, քանի որ նա ՆԱՏՕ-ի անդամ պետություն է և Արևմուտքի հետ սերտ համագործակցում է։ Գերնպատակն է, որ Ռուսաստանում իշխի կոլեկտիվ Արևմուտքը։ Այդ խնդիրը դրված է դեռ անցյալ դարեսկզբից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular