ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբեմն խորապես չենք էլ պատկերացնում, թե ինչ վնաս կարող ենք շրջակա միջավայրին հասցնել՝ աղտոտելով այն վտանգավոր թափոններով: Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող՝ «Վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ ծրագրի» նպատակն է ոչ միայն նվազագույնին հասցնել թափոնները, այլ կրթական տարբեր ծրագրերի ու միջոցառումների օգնությամբ առավելագույնի հասցնել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը: Ծրագիրը երեք մայրաքաղաքների՝ Երևանի, Վարշավայի և Տիրանայի համագործակցության լավագույն օրինակներից է:

Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Եկեք վերամշակենք միասին» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է նշված ծրագրի և «Էկոպարսեկ» ՀԿ-ի կողմից: Ելույթ ունեցան Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ծրագրի թիմի ղեկավար Ռոբերտո Գիրեյկոն և փորձագետ Միրյանա Ստանկովիչը, տարբեր կազմակերպությունների անդամներ և ներկայացուցիչներ: Համաժողովի հիմնական նպատակը բաց քննարկումն ու կապերի հաստատումն է դերակատարների և ձեռնարկությունների միջև, որոնք ներգրավված են թափոնների վերամշակման ոլորտում:

Նման պատասխանատվություն շրջակա միջավայրի և մեր հանրույթի առջև որոշել է ստանձնել «Վեգա գրուպ» ընկերությունը: Քսան տարի է, ինչ այն շուկայում է, հայտնի է որպես էլեկտրատեխնիկայի խոշոր ներմուծող ու մանրածախ վաճառքի առաջատար: Համաժողովին ընթացքում ընկերության զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանն ընդգծում է՝ իրենք այս տարվանից ստանձնել են սոցիալական պատասխանատվություն, լինելով էլեկտրատեխնիկայի խոշոր ներմուծող: «Վեգայի» նպատակն է նվազեցնել հին և հնացած տեխնիկայի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Որպես լիցենզավորված կազմակերպություն, այն ունի գործունեության հինգ թույլտվություն՝ հավաքագրել, փոխադրել, պահպանել, օգտահանել և վերամշակել կենցաղային տեխնիկան, կահույքը և վտանգավոր թափոնները:

Չոբանյանն ասում է՝ հարյուրավոր լվացքի մեքենաների հավաքագրումից և վերամշակումից հետո ընկերությունն օգտահանել է համարյա հինգ տոննա մետաղ և չորս տոննա պլաստիկ: Դրանք վերամշակվել են լիցենզավորված կազմակերպությունների կողմից, կրկնակի մտել շրջանառության մեջ և չեն աղտոտել միջավայրը: Իր այս նախաձեռնությունը «Վեգան» սիմվոլիկ կերպով է ներկայացնում՝ մեկ լվացքի մեքենան կարող է դառնալ չորս ծառ: «Վերամշակողները մեզանից նաև գնում են լվացքի մեքենաների մասնատումից հետո առաջացած նյութերը: Ամեն լվացքի մեքենայից ստանում ենք մոտ 1600 դրամ: Որոշեցինք հավաքագրված գումարների հաշվին ստեղծել Կանաչ ֆոնդ: «Վեգա» ընկերությունը պարտավորություն ստանձնեց այդ գումարները կրկնապատկել իր շահույթի հաշվին: Լվացքի ամեն մեքենայի վերամշակման, գումարի ստացման և ընկերության կողմից դրա կրկնապատկման արդյունքում ստացվում է 3800 դրամ և պարզվում է, որ դա բավարար է չորս ծառ տնկելու և աճեցնելու համար: Պայմանագիր ենք կնքել «My forest» ընկերության հետ, որը համարվում է Հայաստանում ծառատունկ կազմակերպող հաջողված նախագծերից մեկը: Գումարները կրկնապատկելուց հետո դրանք փոխանցվելու են հենց այս կազմակերպությանը»,-ասում է Չոբանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այսուհետ «Վեգան» երևանյան իր երեք և Գյումրիի մեկ սրահներում այսուհետ կհավաքագրի հին տեխնիկայի որոշ տեսակներ:

Արթուր Չոբանյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է այս համաժողովին իրենց ընկերության մասնակցության շարժառիթը: Ասում է՝ այնքան էլ հեշտ չէ սկսել թափոնների հավաքագրման գործընթացը, սակայն իրենց ընկերությունը ցանկանում է պատասխանատվություն ստանձնել շրջակա առողջ միջավայր ունենալու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular