ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանում ջրանջատումների գրաֆիկ է փոխվել, թեև պայմանագիրն այլ բան է նախատեսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մոտ երկու շաբաթ է Ավան վարչական շրջանում ջրանջատումներ են. գիշերային ժամերին ջուր չկա։ Այս մասին 1or․am-ի հետ զրույցում ասացին բնակիչները։

Ըստ նրանց՝ տեսուչին կամ «Վեոլիա ջուր» ընկերության քաղաքային համարին զանգերը մնում են անպատասխան։ Ավանցիները կարծում են, որ ջրանջատումները կապված են «Ջրաշխարհի» բացման հետ և սեզոնի ավարտին նորից կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի։

Ավան վարչական շրջանում տարիներ շարունակ նման բան չի եղել, մշտապես խոսվել է Նոր-Նորքի մի քանի շրջանի մասին և էլի խնդիրը կապվել է «Ջրաշխարհի» հետ։ 

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատուն 1or․am-ին ասաց, որ իրենք պլանային ջրանջատումներ են անում՝ հասցեները հրապարակված են և համաձայնեցված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

«Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը, որոշ հասցեներում ջրամատակարարման գրաֆիկի փոփոխություն է եղել, 24։00-ից միչև 07։00-ն ջուրն անջատվելու է»,- նշեց խոսնակը՝ վստահեցնելով, որ «Ջրաշխարհի» գործունեության հետ կապ չունի և այնտեղի ջուրն էլ խմելու ջրի հետ կապ չունի։ 

Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված գրաֆիկի փոփոխությունը հարցին, խոսնակը պատասխանում է․

«Ինքնահոս աղբյուրների ջրաքանակի նվազեցում ունենք, նաև ջրի սպառումն է շատ մեծանում և այս ձևով լուծել ենք այն խնդիրը, որ բնակիչները ցերեկային ժամերին ջրօգտագործման խնդիր չունենան։ Որևէ կերպ կապ չունի «Ջրաշխարհի» ջրի հետ»։

Ավանի մի քանի բնակչի խոսքով՝ իրենք «Վեոլիա ջուր» ընկերության հետ ունեն պայմանագիր, որտեղ նշված է, որ ջրամատակարարումը պետք է ապահովվի անխափան, 24 ժամվա գրաֆիկով։

Անկախ «Վեոլիա ջուր» ընկերության պարզաբանումից, բնակիչները վստահեցնում են, որ խնդրի իրական պատճառը «Ջրաշխարհն» է և հիշեցնում, որ այդ ընկերության աշխատակիցներն էին, որ տասնյակներով բերվել էին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական հավաքին։ Հիմա իշխանությունը փոխհատուցում է «Ջրաշխարհի» տնօրինությանը, սակայն էլի բնակիչների անհարմարության գնով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular