Փաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովում ասել է, որ հույս ունի, որ Հայաստանը «այս տարի» կդառնա Եվրամիության անդամ։ Պատասխանելով հարցին, թե ո՞ր տարում կուզենայիք, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, Փաշինյանը պատասխանել է. «Ե՞րբ, այս տարի», գրում է anna-news.info-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Դանիայում էր: Նա հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ և քննարկել Հայաստանի և Դանիայի միջև բազմամաոլորտային համագործակցության հարցեր։
Այցի ընթացքում Փաշինյանը բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, այժմ միջազգային քաղաքական խորհրդատվական Rasmussen Global կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, ում հետ Հայաստանի իշխանությունները «լոբբիստական» պայմանագիր են կնքել։ Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովին և «Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության» թեմայով քննարկմանը մասնակցելու համար։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների և անվտանգության մարտահրավերների շուրջ, երկկողմանի ընդգծվել է այդ ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Անդերս Ֆոգ Ռասմուսենն ընդգծել է Հայաստանի կառավարության «Աշխարհի խաչմերուկ» նախագծի կարևորությունը։
Դանիայում գտնվելու ընթացքում Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել, այդ թվում՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի պատրաստակամության մասին։ «Մենք վերջերս պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ սկսելու մեր միջպետական սահմանների սահմանազատումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Դա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները, որոնք, ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, դառնում են պետական սահմաններ։ Սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է»,- ասել է նա։
Հետաքրքիր է այն, որ Դանիայի հայկական սփյուռքը հակադրվել է Փաշինյանի քաղաքականությանը և բողոքի ցույց կազմակերպել նրա դեմ նրան անվանելով ստախոս։ Պիկետի մասնակիցները վանկարկել են. «Սուտասան է, ՀՀ-ում ժողովրդավարություն չկա»։ «Մի հավատացեք այն ամենին, ինչ նա ձեզ ասելու է», - ասել են ցուցարարները, որոնք ձեռքներին Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներն էին։ Դանիայի հայերը պահանջել են Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին, քանի որ նրա հրաժարականը պահանջում են նաև բուն հանրապետությունում։
Հավելենք, որ Երևանում և Հայաստանի այլ մարզերում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են։ Քաղաքացիները զանգվածաբար բողոքում են միակողմանի զիջումների արդյունքում Հայաստանի տարածքների մի մասը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի կուրսի դեմ։ Ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Ժողովրդական բողոքի ցույցերի առաջնորդներն առաջարկում են ստեղծել անցումային կառավարություն Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական կուրսը կայունացնելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը