ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել»։ Այս մասին 1or.am-ին հայտնեց Վարդանյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը։ Քննչական կոմիտեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրել երկու իրար հակասող հատկանիշներով: Քրեական օրենսգրքի՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն հրահրող հրապարակային խոսքի տարածման հոդվածներով։ Նա տնային կալանքի տակ է։
Նախաքննության ընթացքի վերաբերյալ պաշտպաններ` Վարազդատ Հարությունյանը և Ռուբեն Մելիքյանն ասուլիսով հանդես կգան։
Հարությունյանը հիմա էլ շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները մտացածին են` չկա ոչ մի հանցակազմ։ «Սամվել Վարդանյանի կողմից եղել է քաղաքական խոսք, որը մեկնաբանվում է որպես ատելության հրահրում։ Դա այս իշխանության դեպքում առաջին անգամ չէ, ձեռագիր է դարձել՝ ցանկացած քաղաքական խոսք, որը հեռու է նույնիսկ ՄԻԵԴ սահմանված ծայրահեղ քննադատական խոսքի չափանիշից, դիտարկում են որպես հանցակազմ։ Ընդհանրապես պետք է մեղադրանք չլիներ, որ մի հատ էլ նախաքննություն լիներ։ Ասլանյանի հետ առերեսում եղել է, ավտոբուսում գտնվող ինչ-որ անձինք հարցաքննվել են, բայց մեր կարծիքով` այդ հարցաքննությունների արդյունքում ստացված ցուցմունքների ապացուցողական նշանակությունը էական չէ գործի տեսանկյունից։ Մեղադրանքի հիմքում նույն բաներն են՝ Ասլանյանին «հակահայ վիժվածք» ասելը և այլն։ Կարևորն այն է, որ Սամվելին մեղսագրվում է իրարամերժ երկու արարք։ Այդ «հակահայ վիժվածք» ասվածը և՛ խուլիգանությանն է վերաբերվում և ատելության քարոզին։ Խուլիգանությունը ենթադրում է, որ անձը տվյալ արարքն արել է իր անձի գերակայությունն ընդգծելու համար, իսկ ատելության քարոզը նպատակաուղղված է և շատ հստակ, թե ինչու է արվում։ Հիմա քաղաքական խոսքը ներկայացնում են երկու տեսանկյունից էլ, որի տրամաբանությունը հակասում է իրար։ Մենք շարունակում ենք պնդել, որ Սամվելի արարքում հանցակազմ չկա։ Իսկ տխրահռչակ ատելության քարոզի հոդվածն ավելացրին, որ կարողանան անձին կալանքի տանել, քանի որ խուլիգանության հոդվածի 2-րդ մասը կալանք չէր ենթադրում»,- հանգամանալից ներկայացրեց պաշտպանը։
Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո, ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս, ապրիլի 15-ի գիշերը, իր նկատմամբ իրականացվել էր բռնություն։ Մասնավորապես՝ դիմակավորված 4-5 անձինք մոտեցել էին ոստիկանության մեքենային, և իբրև թե այդ ժամանակ ոստիկանները գնացել էին իրենց բնական կարիքները հոգալու, դաժան ծեծի էին ենթարկել Սամվել Վարդանյանին, իջեցրել էին տաբատը, թքել վրան։ Այս մասով վարույթ նախաձեռնվեց դեպքից օրեր անց. ՔԿ-ն հանգամանքներն էր ուսումնասիրում։ Ի վերջո պաշտպանների համառ ջանքերի շնորհիվ, ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ): Հարությունյանի խոսքով՝ այս գործում ընդգծված դանդաղկոտություն է ցուցաբերվում, որն արդարացիորեն, պաշտպանական կողմի մոտ կասկածներ է հարուցում գործը բացահայտելու և մեղավորներին պատժելու ՔԿ-ի հաստատակամության վերաբերյալ։ Այս գործով Հարությունյանը զերծ մնաց նախաքննության վերաբերյալ մանրամասներ հայտնելուց․ «Միայն նշեմ, որ մեր կարծիքով չեն արվել այն գործողությունները, որ պիտի արված լինեին անմիջապես։ Սա հանրային հնչեղ գործ է, մինչև հիմա լսե՞լ ենք, որ մեղադրանք առաջադրված լինի որևէ անձի, գաղտնի՞ք է, թե ովքեր են եղել ուղեկցող ոստիկանները։ Միայն այս հանգամանքները բավարար են, որ մեր կասկածները զուր չեն»։
Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտադրեց, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular