Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյս տարվա ընթացքում արդեն գրանցվել է քիմիական թունավորումների 887 դեպք։ Այլ և չճշտված նյութերով թունավորումների դեպքերի թիվը` նախորդ տարվա համեմատ աճել է 1.2 անգամ, խոտաբույսերով թունավորումներինը՝ 2.8 անգամ:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«2023թ.-ին գրանցվել է քիմական թունավորումների 890 դեպք, այդ թվում` ալկոհոլային, այլ կամ չճշտված նյութերից, դեղորայքից, թմրամիջոցներից, թունաքիմիկատներից, օճառներից, մաքրող միջոցներից, խոտաբույսերից թունավորման դեպքերն են»,-ներկայացրեց համաճարակաբանը:
Խոսելով թունաքիմիկատներով և խոտաբույսերով թունավորման կանխարգելման մասին` համաճարակաբանն ասաց, որ խոտաբույսերով թունավորման հիմնական պատճառն այն է, որ մեծահասակները հավաքում են տարատեսակ խոտեր և օգտագործում են սննդի մեջ:
Ուշագրավ է, որ էական` 1.2 անգամ աճ է գրանցվել դեղորայքային թունավորումներից: Այս խնդրի կարգավորման համար նախարարությունը մարտի 1-ից կիրառել է էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը: Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը հստակեցնում է՝ թունավորումներն աճել են, որովհետև օրենքը չի կիրառվում.
«Օրենքը չի աշխատում, քանի որ ժամանակավրեպ է, ունի մի շարք թերացումներ: Միչև օրենքի կիրառության մեջ դնելը չի տարվել համապատախան աշխատանք՝ ինչպես լուսավորչական, նկատի ունեմ հասարակության հետ աշխատանք, և այնպես էլ կրթական՝ բուժաշխատողների հետ: Օրենքը, որպես նախագիծ, շատ լավն է, նույնիսկ անհրաժեշտ է, բայց ժամանակավրեպ է: Մենք չենք կարող Հայաստանում անել այն, ինչը կանենք 20 տարի հետո: Բնակչությունը պետք է հասունանա, հասնի նրան, որ այդ օրենքը պետք է կիրառվի»,- նշեց Գրիգորյանը:
Հարցին, որ վերջին շրջանում Առողջապահության նախարարության ընդունած օրենքների մեծ մասը կիրառության մեջ չկա, օրինակ` սեղանին աղ դնելը և այլն, և թե ինչով է պայմանավորում` մի շարք առողջապահական ՀԿ-ների հիմնադիրն ու առողջապահության կազմակերպիչը պատասխանեց.
«Սխալ գրված, սխալ թիրախներ ընտրված, ժամանակավրեպ ոչ մի օրենք չի աշխատելու: Այլ բան է, որ նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կետրոններից, որ այդ ծրագրերն անեն:
Այո՛, անում է, որ ցույց տա, թե արել է, բայց դա չի նշանակում, որ դրանք աշխատող են»:
Աղբյուրը՝ 1or.am