Ես ոչ մի հայտարարության չեմ հավատում․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Այլընտրանքային ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց նորակառույց դպրոցի հարակից հատվածով միանալու է այժմ գործող հիմնական ճանապարհին՝ մեզ հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը: Նախօրեին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաղորդեց, որ այլընտրանքային ճանապարհի վերակառուցումը մեկնարկել է, այն կհամապատասխանի միջազգային ստանդարտներին։ «Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաեւ բեռնատարների համար»,- գրել էր նա՝ հավաստիացնելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի 2 ամսում:
Արդյոք հնարավո՞ր է այդ ժամկետներում ավարտին հասցնել այլընտրանքային ճանապարհը, Կամո Շահինյանը չի կարող ասել. «Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում, այո, հետեւում ենք այդ աշխատանքներին, բայց թե երբ պատրաստ կլինի, ոնց` չեմ կարող ասել»: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շաբաթ օրն է այցելել Կիրանց, գյուղացիներին վստահեցրել՝ «ճանապարհը կկառուցեն, ինքն իրենով կլինի նաեւ անվտանգություն»։
Շահինյանը չցանկացավ մեկնաբանել այս հայտարարությունը: Նրա խոսքով` սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնում 2 տուն, 3 դոմիկ, մեկ գազալցակայան, 5-6 տուն էլ կամրջի հանձնման արդյունքում անվտանգության խնդրի առաջ է կանգնում, իսկ թե կոնկրետ քանի հեկտար հողատարածք է անցնում թշնամուն, դեռեւս ստույգ հաշվարկ չկա: Կամո Շահինյանը տեղյակ չէ նաեւ փոխհատուցման չափից։ «Ես չգիտեմ, ոչ մեկն ինձ գումարի չափ չի ասել, երբ իմ բնակիչները դիմեն, ես էլ կճշտեմ, մինչեւ էս պահը դիմող չի եղել»,- ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22․ 05․ 24 թ համարում։