ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սարգիս Մուրադյանի «լույսն» ու «ստվերը»՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում մայիսի 5-ին բացվելու է «Սարգիս Մուրադյանի «լույսն» ու «ստվերը» խորագրով ցուցահանդես: Panorama.am-ի հետ զրույցում պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանն ասաց, որ այս տարի լրանում է իր հայրիկի 90-ամյակը (1927- 2007 թթ.) և անպայման պետք է նշվեր նաև իր անվան պատկերասրահում:

«Որոշեցի այս անգամ ներկայացնել աշխատանքներ, որոնք չեն ցուցադրվել և  անդրադարձա վերջին տարիների իր անավարտ գործերին: Ճիշտ ասած, գիտեմ, որ ինքը չէր ցուցադրի այդ աշխատանքները, բայց քանի որ տարիներն անցնում են, դու այլ ձևի ես սկսում վերանայել այդ աշխատանքները, որոնք ժամանակի մեջ շատ ակտուալ էին: Օրինակ՝  կա Սումգայիթ անավարտ գործ, Լենինի արձանի հանման հետ կապված գործ»,- նշեց Զ. Մուրադյանը:

Ցուցահանդեսը Զարուհի Մուրադյանն արել է արվեստաբան Լիլիթ Սարգսյանի հետ, ով գրել է ցուցադրության սեղմ բնութագրումը: Ցուցահանդեսում նեկայացված են լինելու Մուրադյանի ավելի վաղ շրջանի աշխատանքներ, նաև անկախության տարիներին արված գործեր:

«Մտնելով ցուցասրահ` այցելուն նախ կտեսնի ավելի լուսավոր, լավատեսական աշխատանքները, իսկ արդեն փոքր դահլիճում ներկայացված են վերջին տարիների իր անհանգստությունները, մտածմունքները, հոգու խռովքը, այսինքն՝ անկախ Հայաստանի ընթացքն ինչպես էր ընկալում Սարգիս Մուրադյանը, իր անհանգստությունները»,- ասաց Զ. Մուրադյանը:

Ցուցահանդեսում ներկայացված է լինելու նաև Ս. Մուրադյանի 1951 թ. արված դիպլոմային աշխատանքի էսքիզը՝ Ավարայրի ճակատամարտի թեմայով, որը երբեք չի ցուցադրվել:

«Էսքիզ է, որը հետո չի դարձել մեծ նկար, թույլ չեն տվել այսպես ասած ազգայնական թեմայի պատճառով»,- հավելեց Զ Մուրադյանը:

Ցուցահանդեսը կտևի մեկ ամսից ավելի:

Աղբյուր` Panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular