ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Հայաստանը պետք է ուշադիր հետևի տարածաշրջանային իրադարձություններին և ունենա պատրաստի սցենարներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Իրանում տեղի ունեցած ավիավթարը մեծ ցավ է պատճառել Հայաստանին, քանի որ հատկապես Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայ ժողովրդի մեծ բարեկամներն են եղել և միշտ աչքի են ընկել իրենց հայանպաստ դիրքորոշմամբ, գրում է ok.ru-ն։

Պետրոսյանը նշել է, որ այս պահին ավիավթարի պատճառների մասին պաշտոնական եզրակացություն չկան, ողբերգության հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, բայց կարելի է տեսնել, թե ինչպես է նույնիսկ նման տխուր միջադեպն օգտագործվում քարոզչական նպատակներով:

«Շատ հակաիրանական խաղացողներ, հատկապես Իսրայելը և նրա տարբեր գործընկերները, փորձում են օգտագործել ավիավթարը տարածաշրջանում իրենց օրակարգն առաջ մղելու համար: Օրինակ իսրայելական տարբեր աղբյուրներ սկսել են ցույց տալ աղետի հնարավոր հետևանքները, այն թե ինչպես Իրանի ներսում ոմանք ուրախացան, ինչպես մտահոգ իշխանությունները զինված ուժեր տեղակայեցին բնակավայրերում անվերահսկելի իրավիճակների դեմ պայքարելու համար։ Ոմանք, գուցե առանց խորանալու հնարավոր հետեւանքների մեջ, նույնիսկ փորձեցին ցույց տալ, որ գործողությունն իրականացրել է իսրայելական հետախուզությունը։ Այդ թեզը, որն ի սկզբանե դուրս եկավ Իսրայելից, ապա որոշակի զարգացում ստացավ բուն Իրանում, ինչպես նաև տարածաշրջանում, հաշվի էր առնում այն ​​փաստը, որ Ռաիսին մինչ վթարը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Բացի այդ, նշվել է, որ 2020 թվականի պատերազմից հետո իսրայելական ներկայությունն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած և Իրանին մոտ գտնվող տարածքներում ավելացել է, ուստի հավանական է, որ այդ գործողությունն իրականացվել է իսրայելական հետախուզական ծառայությունների կողմից», - նշել է Պետրոսյանը։

Նա վկայակոչել է իրանական հեռուստառադիո կայքում հրապարակված փորձագիտական ​​զեկույցներից մեկը, որը նույնպես կատարվածը կապում է իսրայելական Մոսադի հետ։ «Բանն այն է, որ անորոշությունը  մեծ է, տարբեր աղբյուրներ հաճախ հակասական տեղեկություններ են տալիս: Ես ինքս կարդացել եմ վերլուծություն, ըստ որի ուղղաթիռը պայթել է օդում, և դա ակնհայտորեն կարող է արտաքին ինչ-որ միջամտության արդյունք լինել։ Հետաքննության ընթացքում, բնականաբար, դիտարկվելու է միտումնավոր գործողության վարկածը, քանի որ պետք է ընդունել, որ կա երկարաժամկետ լարվածություն Իրանի ու Իսրայելի միջև։ Ընդամենը մեկ ամիս առաջ կողմերը փոխադարձաբար թիրախավորեցին միմյանց տարածքները, ուստի այն, ինչ տեղի է ունեցել, իհարկե, այս պահին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, թեկուզ քարոզչական դաշտում, մանավանդ որ Իսրայելը հնարավորություն ունի նմանատիպ գործողություն իրականացնելու Իրանին սահմանակից երկրներից մեկի՝ Ադրբեջանի տարածքից»,- ասել է Պետրոսյանը։

Վերլուծաբանն անդրադարձել է նաև արտասահմանյան, հատկապես ռուսական, լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել էր։

Միջազգային լուրերը նաև նշում են, որ Ռաիսին չեղարկել էր այդ այցը հօգուտ Ադրբեջան մեկնելու։ Ադրբեջանն իր քաղաքականությամբ բազմիցս ցույց է տվել, որ տարածաշրջանում առաջատար է և կարող է ազդել օրակարգի վրա։ Միգուցե՞ Ալիևը նման ծրագրված քայլի է գնացել։ Իսրայելա-ադրբեջանական համագործակցության իրավիճակը լուսաբանող որոշ շրջանակներ ընդգծում են, որ Իրանի նախագահը պետք է այցելեր Հայաստան, սակայն Ալիևի պնդմամբ այցը հետաձգվել է, և ճանապարհին տեղի է ունեցել Ռաիսիի ուղղաթիռի կործանումը: «Այստեղ դավադրության տեսաբանները միգուցե տեսել են ադրբեջանա-իսրայելական համագործակցություն, որի արդյունքում էլ եղել է այդ ողբերգությունը, ուստի այդ թեզը ևս ակտիվորեն նետվել է տեղեկատվական դաշտ և դեռ շրջանառության մեջ է»,- նշել է զրուցակիցը։

Պետրոսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությանը, ըստ որի պաշտոնական տեղեկատվություն է տրամադրվում բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստանի Հանրապետություն հաստատված այցերի մասին։ Նա հավելել է, որ ուղղաթիռի կործանման լուրը տարածվելուց հետո բոլորն են ականատես եղել լայնածավալ քարոզչության, հիբրիդային բազմամակարդակ հարձակումների միաժամանակ մի քանի ուղղություններով, և հնարավոր է, որ այդ տեղեկությունը տարածվել է, որ հետո ինչ-որ նպատակով օգտագործվի։

«Մեր բարեկամ Իրանն ունի պետականության բավականին հարուստ ավանդույթներ, ուստի պետական ​​համակարգն իր հերթին մարտահրավերների հաղթահարման լուրջ հետագիծ ունի։ Դատելով դրանից վստահաբար կարող ենք ասել, որ այս իրավիճակը նույնպես կառավարելի է լինելու։ Մյուս կողմից, մեր տարածաշրջանում տիրող անկայուն ու անորոշ իրավիճակը հնարավորություն է տալիս հրահրել տարբեր միջադեպեր ու հակամարտություններ։ Այդ առումով, Իրանի հակառակորդներն անպայման կփորձեն ինչ որ կերպ ազդել իրանական գործընթացների վրա անցումային շրջանում փորձելով զանգվածային բողոքներ հրահրել և քարոզչական նպատակներով տարածել տարբեր վարկածներ, նույնիսկ դավադրության տեսություններ, որպեսզի իրանական հասարակության տարբեր շերտերն իրար դեմ հանեն»,- ասել է քաղաքագետը։

Նա հիշեցրել է, որ Իրանը տարածաշրջանի ամենակարևոր խաղացողն է հատկապես Հայաստանի հարավում այսպես կոչված միջանցքի հետ կապված թուրք-ադրբեջանական նախագծին խոչընդոտելու տեսանկյունից: Ուստի չի բացառվում, որ լինի իրանական շեղում ներքին խնդիրների շուրջ, և որոշակի ակտիվություն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, չնայած ներկայումս գործընթացները կենտրոնացած են Տավուշի մարզում սահմանազատման աշխատանքների վրա։ Ըստ Պետրոսյանի Հայաստանը պետք է ուշադիր հետևի տարածաշրջանային իրադարձություններին և ունենա պատրաստի սցենարներ ցանկացած զարգացումներին համարժեք արձագանքելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular