Ռուս դիվանագետը հնարավոր է համարել այն, որ Իրանի նախագահին «օգնել են մահանալ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւղղաթիռի վթարը, որում զոհվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, կարող էր արհեստական լինել, սակայն այդ վարկածի համար առայժմ որևէ ապացույց չկա։ Նման կարծիք է rtvi.com-ին հայտնել Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի նախկին դեսպան, ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Անդրեյ Բակլանովը։
«Ըստ տեղի ունեցածի տրամաբանության և նրա, ինչ արդեն հայտնի է տեղի ունեցածից, չի կարելի լիովին բացառել, որ նրանք օգնել են նրան (Ռաիսիին) մահանալ, ինչ-որ կերպ կազմակերպել են այդ գործոնները», - ասել է Բակլանովը։
Ըստ Բակլանովի, դա «կարող էր լինել», սակայն այս պահին դա հաստատել հնարավոր չէ։ «Դրա համար մեզ դեռ պետք են որոշ օբյեկտիվ տվյալներ, հետաքննություն և այլն։ Ես դա դեռ չեմ տեսում, բայց չի կարելի բացառել»,- ընդգծել է նախկին դեսպանը։
Էբրահիմ Ռաիսին մահացել է մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով։ Նրա հետ միասին ուղղաթիռում զոհվել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի իմամ այաթոլլա Մոհամմադ Ալի Ալ-է-Հաշեմը և Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը մայիսի 23-ին նախնական զեկույց է հրապարակել ուղղաթիռի կործանման պատճառների մասին։ Զեկույցում ասվում է, որ փորձագետները կործանված ուղղաթիռի արտաքինի վրա «փամփուշտների կամ նմանատիպ միջոցների ազդեցության հետքեր» չեն հայտնաբերել։ Ուղղաթիռը շարժվել է որոշակի երթուղով, սակայն վթարի է ենթարկվել, երբ բախվել է լեռանը: Նախնական տվյալներով այն կործանվելուց հետո է բռնկվել։ Ռաիսիի մահից հետո Իրանի նախագահ է դարձել փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։ Առաջիկա 50 օրվա ընթացքում երկրում պետք է անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը