ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայիսի 9-ին՝ առաջին հանրահավաքի ընթացքում, Բագրատ Սրբազանը շտապեց հայտարարել, որ եթե Փաշինյանը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնելու համար խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեն ընդդիմադիր խմբակցությունները եւ այդ նպատակով հենց հանրահավաքի ժամանակ խորհրդակցեց խորհրդարանական ուժերի որոշ պատգամավորների հետ: Իսկ արդեն հաջորդ հանրահավաքին տեղեկացրեց, թե «անկախ» Իշխան Զաքարյանի հետ է երկու անգամ հանդիպել եւ ունի խոստում, որ նա կմիանա գործընթացին եւ կապահովի նախաձեռնությունը ներկայացնելու համար պակասող 1 քվեն։ 

Սակայն որոշ տեղեկություններով անվստահության գործընթացն անորոշ ժամանակով որոշել են հետաձգել եւ սրբազանն այդ մասին անուղղակի տեքստով ակնարկել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ վերջին օրերի զրույցներում։ Շարժման առաջնորդի հաշվարկով նպատակահարմար չէ գործընթացն այս փուլում մտցնել խորհրդարան, որտեղ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ անվստահության նախաձեռնությունը տապալվի: Նա կարող է անգամ սեփական ուսապարկերի ֆիզիկական ներկայությունը վերահսկել, արգելել նրանց ներկայանալ նիստին, գործեր հարուցել նրանց նկատմամբ, կոմպրոմատներով վախեցնել եւ ձախողել գործընթացը՝ ստանալով վեց ամսվա իմունիտետ, քանի որ օրենքի համաձայն իմպիչմենթի գործընթացից հետո վեց ամիս արգելվում է նման նախաձեռնությամբ նորից հանդես գալը: Իսկ նախաձեռնության հաջողությունը երաշխավորված չէ, քանի որ ընդդիմությունը չունի բավարար ձայներ` անվտահությունը հաջողելու համար 54 պատգամավորի քվե է պետք։ 

Այնպես որ եզրակացրել են, որ դեռեւս վաղ է պայքարը տեղափոխել խորհրդարան, ուստի եւ որոշ ժամանակով անվստահության նախագիծ ներկայացնելը եւ սահմանադրական փոփոխությունները կհետաձգվեն: Իսկ սահմանադրական փոփոխությունները, հիշեցնենք, վերաբերելու են երկքաղաքացիության դրույթին՝ վարչապետի թեկնածու առաջադրելու համար։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ կիրակի օրվա հանրահավաքին միայն հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, անվստահություն հայտնելու գործընթացի եւ մնացյալի մասին ոչինչ չասվեց։ Այսինքն, Սրբազանը փորձելու է փողոցում շարժումը հասցնել պիկին, հասնել Փաշինյանի հրաժարականին, նոր մտնել խորհրդարան։ Ի դեպ, շարժման առաջնորդի այս քայլերը փշրում է իշխանական պրոպագանդայի այն կեղծիքներն ու մանիպուլացիան, թե հակաիշխանական շարժման ստվերային ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանը՝ նախկինների միջոցով։ Սրբազանն իր քայլերով բազմիցս ապացուցել է, որ բացառապես միայնակ է գործում՝ առանց արտաքին հովանավորների եւ ներքաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների։ Լուրեր կան, որ անգամ Վեհափառը շատ բան իմանում է հանրահավաքներին հետեւելով:

Ճիշտ հակառակը, եթե 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ում հավարմագրված եվրոպական պետությունների դեսպանները 24/7 ռեժիմով վայնասուն էին բարձրացնում ոստիկանական գործողությունների առիթով, չնայած դրանք ոչ մի համեմատություն չունեն այսօրվա գործողությունների հետ, իսկ այսօր լռում են նրանց վայրագությունների վերաբերյալ։ Իսկ Ռուսաստանը, որը 2018-ին իր ազդեցության տակ գտնվող բոլոր գործիչներին ու գործարարներին` իրենց կոլեկտիվներով, ոտքի էր հանել եւ ուղարկել Ֆրանսիայի հրապարակ, իսկ այսօր այդ բոլոր մարդիկ խոր ընդհատակ են անցել, ձայները չի լսվում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․ 05․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular