ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ Պատարագ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը, որն այս տարի համընկել է Հանրապետության տոնին։

Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայոց Եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը: Այն նշանավորվում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, Հովհաննես Կարապետի հիշատակությամբ, ինչպես նաև Լուսավորչի՝ Վիրապից ելնելու և Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոներով:

Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Այն մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին:Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանին:

Սուրբ Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Օրվա խորհրդի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի կյանքին և նահատակության պատմությանը, ընդգծեց, որ նրանք իրենց անբասիր մաքրությամբ, անսասան հավատքով, առաքինի վարքով, քաջությամբ ու համարձակությամբ, առ Աստված տոգորված սիրով դարձան Տիրոջ երկնավոր արքայության ընտրյալները։

«Այսօր սիրելիներ, մայիսի 28-ն է, մեր պատմության հերոսական էջերից մեկը և գեղեցիկ զուգադիպությամբ Գայանյանց կույսերի տոնը համընկել է Սարդարապատի հերոսամարտի հաղթական օրվա հետ։ Այսօր էլ ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը։ Սակայն վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս», - ասաց Հայր Մատթեոսը՝ հայցելով Սուրբ Գայանյանց և Հռիփսիմյանց բարեխոսությունը Եկեղեցու պայծառության, հայրենիքի խաղաղության ու ապահովության համար։

Սուրբ Պատարագի ընթացքում, Հանրապետության տոնի առիթով, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասը ու ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ, բարօր և անվտանգ կյանքի համար:

Մաղթանքի ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով և Ս․ Գայանեի մասունքակիր աջով օրհնեց հավատավոր հայորդիներին։

 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular