ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ուզում է Սյունիքը ստանալ մինչև սեպտեմբեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշից հետո հաջորդը Սյունիքն է. Ադրբեջանը հաջորդ քայլով պահանջելու է, որ Հայաստանը միջանցք տրամադրի դեպի Նախիջեւան եւ Թուրքիա՝ սպառնալով պատերազմով: Թուրքիայի պաշտոնյաներն արդեն բացահայտ խոսում են, որ, այսպես կոչված, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հաջորդ հանգրվանը Զանգեզուրի միջանցքի բացումն է, որի հիմնական շահառուն հենց Թուրքիան է: Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Հայաստանը չի կտրել Իրանից, որից հետո Հայաստանը կդադարի գոյություն ունենալ:

Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ Հայաստանից ամեն ինչ կարելի է ստանալ պատերազմի սպառնալիքով. Զանգեզուրի միջանցքը կամավոր կտաք` լավ, չեք տա՝ պատերազմով կվերցնենք: Հայաստանն էլ չի կարող շեղվել խաղաղության օրակարգից, ո՞նց կարող է թույլ տալ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, ու Փաշինյանի երազած խաղաղությունը խաթարվի: Կա՛մ կսկսեն համոզել, որ ճիշտը հանձնելն է, որ պայմաններն այնքան էլ վատ չեն, ճիշտ է՝ ադրբեջանցիներին որոշ արտոնություններ են տրամադրվում այդ ճանապարհով անցնելու հարցում, օրինակ, մաքսային հսկողություն չի լինելու, բայց լինելու է սահմանային հսկողություն, ինչն արդեն նշանակում է, որ մենք մեր տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը չենք կորցնում, կամ էլ ադրբեջանական հարձակման դեպքում կտրվի խաղաղ նահանջի հրաման, որ խաղաղության օրակարգից շեղում չլինի, եւ անիմաստ զոհեր չլինեն: Ադրբեջանին հերթական զիջման համար տարբեր հիմնավորումներ կգտնեն, մարդկանց էլ կհանգստացնեն, որ շուտով Սյունիքը դառնալու է խաղաղության խաչմերուկի եւ առեւտրի կենտրոն, իրենք սկսելու են այնքան լավ ապրել, որ ափսոսելու են, թե ինչու դա ավելի շուտ չէր արվել, իսկ Հայաստանի մյուս մարզերի բնակիչները նախանձելու են սյունեցիներին, որ ադրբեջանցիներն ու թուրքերն իրենց գյուղերով ու քաղաքներով չեն գնում-գալիս: Դժգոհողներին էլ մի քիչ փոխհատուցում կխոստանան: Այս ամենը, ըստ ամենայնի, պետք է կատարվի մինչեւ այս տարվա սեպտեմբերը, քանի որ Ադրբեջանը եւ Թուրքիան շտապում են, Հայաստանին էլ շտապեցնում են:

Սյունիքն Ադրբեջանին հանձնելու ծրագրի իրականացման հարցում Փաշինյանը մի կարեւոր խոչընդոտ ունի` ռուսական զորքի ներկայությունը Սյունիքում: Չնայած Փաշինյան-Պուտին պայմանավորվածությունների արդյունքում ռուսներն ապամոնտաժեցին եւ դուրս եկան իրենց զբաղեցրած սահմանային ուղեկալներից, որոնք տեղակայված էին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, բայց Սյունիքում նրանց ռազմական ներկայությունը դեռ մնացել է: Արդեն գրվել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալները հանվել են Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանը Հայաստանի իշխանությունից պահանջել է դրանք հեռացնել, Հայաստանն էլ դիմել է Ռուսաստանին եւ ստացել ռուսների համաձայնությունը: Հիմա Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանն իր տարածքից դուրս բերի նաեւ Սիսիանում եւ Գորիսում գտնվող ռուսական զորքի մնացորդները: 

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռուսները տեղակայվեցին Սիսիանի չգործող օդանավակայանի տարածքում: Այնտեղ գտնվում են ռուսական բանակի մի քանի ուղղաթիռներ, որոնք տեսանելի են ճանապարհից: Վերջերս, երբ կործանվել էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, ռուսները պատրաստակամություն էին հայտնել Սիսիանում գտնվող իրենց երկու ուղղաթիռների միջոցով մասնակցել կործանված ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներին, բայց իրանցիները չարձագանքեցին: Ռուսները մի քանի հարյուրի հասնող զորք ունեն Գորիս քաղաքում, որը տեղակայված է քաղաքի սկզբնամասում գտնվող զորանոցում: Չնայած սահմանապահ ուղեկալներն ապամոնտաժվել են, եւ այնտեղ ծառայություն իրականացնող զինվորականները տեղափոխվել են Գյումրու ռազմաբազա, բայց Սիսիանի օդանավակայանից եւ Գորիսի զորամասից ռուսները չեն հեռացել: Կարծեմ ԱԽՔ աշխատող Արմեն Գրիգորյանն էր հիմնավորում, որ ռուսների՝ այնտեղ մնալն այլեւս որեւէ իմաստ չունի, քանի որ նրանք այդ տարածքներում տեղակայվել էին Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի թիկունքային ապահովման համար, իսկ քանի որ խաղաղապահները դուրս են բերվում Արցախի տարածքից, վերանում է նաեւ նրանց թիկունքային ապահովման խնդիրը: Այնպես որ, բարի ճանապարհ դեպի Գյումրու ռազմաբազա եւ Էրեբունի օդանավակայան, իրենց մշտական տեղակայման վայրեր:

Ինչո՞ւ ռուսները չեն լքում կամ առայժմ չեն լքում Սյունիքը: Բացատրությունն այն է, որ նրանք մտավախություն ունեն, թե Հայաստանը կարող է այդ տարածքն իսկապես զիջել Ադրբեջանին եւ Թուրքիային: Ռուսները դեմ չէին Սյունիքով միջանցքի բացմանը, բայց պայմանով, որ այդ միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացնեին ռուս սահմանապահները: Բայց եթե միջանցքը պետք է վերահսկվի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, ապա Ռուսաստանին դա ընդհանրապես պետք չէ, ընդհակառակը՝ Ռուսաստանը դեմ է նման միջանցքի գործարկմանը: Ռուսները հասկանում են, որ դա սկզբում է միայն միջանցք լինելու, ինչ-որ ժամանակ հետո թուրքերն ընդհանրապես Սյունիքը կտրելու են Հայաստանից, հայաթափելու են եւ միանալու են Ադրբեջանին: Ռուսաստանը կորցնելու է Հայաստանի միջոցով ցամաքային կապն Իրանի հետ, Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի եւ ընդհանրապես բոլորի համար զրոյանալու է, որովհետեւ ո՞ւմ է հետաքրքրելու թուրքական անկլավի վերածված այդ տարածքը: 

Ռուսաստանին պետք է զորք ունենալ Սյունիքում նաեւ այն դեպքի համար, որ եթե Ադրբեջանը որոշի ուժով միջանցք բացել դեպի Նախիջեւան եւ Թուրքիա, իրենք կարողանան միջամտել: Մի բան է, երբ ռուսական զորքը գտնվում է Գյումրիում եւ պետք է մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ կտրի՝ Սյունիք հասնելու համար, լրիվ ուրիշ իրավիճակ է, երբ գտնվում է իրադարձությունների կենտրոնում: Մանավանդ որ Ադրբեջանի՝ Սյունիք ներխուժման դեպքում մի քանի օր Սյունիքից Երեւան եկող նեղ ու ոլորապտույտ ճանապարհը կարող է միակողմանի խցանված լինել այնտեղից դուրս եկող փախստականներով: Նույնիսկ Հայաստանի բանակը չի կարողանա լրացուցիչ ուժեր ուղարկել, ուր մնաց՝ Ռուսաստանը: Նման իրավիճակի ականատես եղել ենք 44-օրյա պատերազմի առաջին օրերին:

Իսկ ինչո՞վ են Հայաստանի իշխանություններին խանգարում Սիսիանում գտնվող մի քանի ուղղաթիռները եւ Գորիսում գտնվող մի քանի հարյուր ռուս զինվորականները: Արդյո՞ք Հայաստանի ինքնիշխանությունն էականորեն տուժում է, երբ այդ ուղղաթիռները ոչ թե Սիսիանում են, այլ՝ Երեւանում, կամ ռուս զինվորները Գորիսում են, ոչ թե Գյումրիում: Մի՞թե ամենահավանական տարբերակն այն չէ, որ ռուսներն իսկապես խանգարում Փաշինյանին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային հերթական զիջման գնալու` Սյունիքը հանձնելու հարցում, ինչպես որ խանգարում էին Տավուշի մարզում միակողմանի զիջումների գնալու հարցում:

Ավետիս Բաբաջանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular