Վեհափառի հետ կապված նման մտահոգիչ դեպքերը չպետք է կրկնվեն․ կիսում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու բոլոր նվիրապետական աթոռների դիրքորոշումը․ Պոլսո Պատրիարքական Աթոռ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊոլսո Պատրիարքական Աթոռն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Այս մասին նշված է պատրիարքության հայտարարությունում․
«Պոլսո Պատրիարքական Աթոռն օրեր ի վեր ուշադրությամբ հետևում է մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի նկատմամբ անարգանքին և ցավալի դեպքի արձագանքներին։
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների զորակցության արժևորումը կասկած չի թողնում, որ նման մտահոգիչ դեպքերը երբեք չպետք է կրկնվեն։
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը մարմնավորում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին և նրա աշխարհասփյուռ հոտի խղճի ու պաշտամունքի ազատությունը։
Պոլսո Պատրիարքական Աթոռը կիսում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու բոլոր նվիրապետական աթոռների դիրքորոշումը և հայկական աշխարհում առաջացած վրդովմունքը՝ վերահաստատելով ամբողջական զորակցությունն՝ ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառի։
Աղոթում ենք շարականի բառերով.
«Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա, եւ զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան. Ամէն»։