ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանում բողոքի ցույցերը կհանգեցնեն Նիկոլ Փաշինյանի տապալմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները գնալով լայնամասշտաբ են դառնում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, փակում են ավտոճանապարհները, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում ցուցարարներին ցրելու և հաղորդակցությունն ապաշրջափակելու համար, բերման է ենթարկում ցուցարարներին, գրում է vedomosti.ru-ն:

Բողոքի պատճառը Բաքվի և Երևանի միջև Հայաստանի Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածի սահմանազատման մասին պայմանավորվածությունն էր, որի արդյունքում  ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության տակ է անցել չորս հայկական գյուղ։

Գալստանյանը նշել է, որ սահմանների սահմանազատումը հնարավոր է միայն «Հայաստանի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան խաղաղության պայմանագրի կնքումից հետո, և երբ փաստաթղթում ներառվի հայ փախստականների Ղարաբաղ վերադարձի, նրանց իրավունքների և անվտանգության խնդիրը»։

Ինչ վերաբերում է իշխանության գալու դեպքում գործողությունների ծրագրին, ապա նա խոստանում է ստեղծել «հաշտեցման» անցումային կառավարություն, որը կմիավորի բոլոր ընդունակ մասնագետներին։ Ինքը՝ Փաշինյանը, ով ժամանակին լրագրող ու քաղաքական ակտիվիստ էր, իշխանության է եկել 2018 թվականին նախորդ իշխանությունների դեմ մի շարք հանրահավաքներից և վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։

Հիշելով սեփական փորձը Փաշինյանը չի շտապում շփման մեջ մտնել ընդդիմության հետ, նշել է ՄԳԻՄՕ-ի գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։ «Երկխոսությունը կնշանակի լեգիտիմացնել բողոքը, այն հասցնել ինստիտուցիոնալ մակարդակի, ընդդիմության առաջնորդներին տալ քաղաքական սուբյեկտիվություն»,- հավելել է փորձագետը։ Բացի այդ, ի տարբերություն նախորդ տարիների (2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո) բողոքի ցույցերի, Փաշինյանը հիմա կիրառում է ընդդիմության հետ հարաբերվելու ուժային մեթոդ, նշել է Պրիտչինը։

«Թեև հայ հասարակության կողմից Փաշինյանի դեմ լուրջ դժգոհություններ են կուտակվել, սակայն ընդդիմությունը նրա հետ էականորեն մրցակցելու դրական օրակարգ չունի։ Եվ չնայած Մոսկվան, ամենայն հավանականությամբ, շահագրգռված է Փաշինյանի հեռանալու մեջ, հաշվի առնելով նրա հակառուսական հռետորաբանությունը, Կրեմլը մինչ այժմ անտեսում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և չեզոք դիրք է գրավել»,- ավելացրել է փորձագետը։

Փաշինյանի իշխանությունից հեռացնելը չի ​​համապատասխանում Բաքվի շահերին, բացատրել է պատմական գիտությունների դոկտոր, Հարավային Կովկասի պետությունների ռազմական անվտանգության փորձագետ Նիյազի Նիյազովը։ Նրա կարծիքով, ադրբեջանական կողմը պրագմատիկ կապեր է ստեղծել Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ, և հայ-ադրբեջանական հարաբերությունները գնում են, եթե ոչ բարիդրացիության, ապա փոխադարձ հարգանքի ուղղությամբ։

«Ակնհայտ է, որ Գալստանյանն ավելի շատ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դրածոն է։ Այնուամենայնիվ, եթե անգամ հին էլիտաները վերադառնան իշխանության, Հայաստանն այլևս վտանգ չի ներկայացնի Ադրբեջանի համար, ինչպես 90-ականներին, սակայն լարվածությունը տարածաշրջանում կարող է աճել»,- եզրափակել է Նիյազովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular