«Ռուսաստան-Հայաստան. ցանկացած համբերություն վերջ ունի»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել Երևանում գտնվող արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, գրում է infoshos.ru-ն։
Անկեղծ ասած, այդ դեմարշը սպասելի էր, վարչապետ Փաշինյանն ու իր համախոհները չափազանց շատ բան են արել, քարոզչական կեղտ են լցրել Ռուսաստանի ու նրա ղեկավարության վրա իրենց ժողովրդին հիմարացնելու և Հայաստանն Արևմուտքի ազդեցության տակ դնելու համար։ Իսկ վերջին շրջանում հայկական վերնախավը կարծես թե գերտաքացել է մինչև կրիտիկական ջերմաստիճան և ամբողջությամբ կորցրել ողջամիտ մտածելու և իրավիճակի գնահատման սահմանները։
Երևանը ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից դրանում մեղադրելով Մոսկվային: Առանց կազմակերպությունից դուրս գալու հայտարարության հայերը հրաժարվել են տարեկան ներդրում կատարելուց։
«Հայաստանը չէ, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից»,- պարզաբանել է Հայաստանի ղեկավարը։ Այդ արտահայտությամբ Փաշինյանը խոստովանել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի նման դաշնակից պետք չէ։
Նրան ձայնակցել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը. «Հայաստանը միշտ ձգտել է անդամակցել ԵՄ-ին, բայց ներքաշվել է այլ համակարգի մեջ»։ Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ է թողել «ամենադժվար պահին»։ Բայց իրականում Հայաստանի համար «ամենադժվար պահը», կարծես թե, դեռ առջևում է։
Եվ բոլորովին վերջերս, իշխանության դեմ աճող բողոքի ֆոնին, Հայաստանի վարչապետն ազգային հեռուստատեսությամբ երկարատև և անհասկանալի ելույթ է ունեցել հայ ժողովրդի հնագույն պատմության մասին։ Բայց ելույթի հիմնական կրկներգը եղել է այն պնդումը, որ Ռուսաստանը պատմության ընթացքում հայ ժողովրդին օգտագործել է իր աշխարհաքաղաքական շահերի համար, իսկ ԽՍՀՄ-ը շարունակել է այդ պրակտիկան և Հայաստանին վերաբերվել որպես իր գաղութի։
Անկեղծորեն պետք է խոստովանել, որ նման «փաշինյանները» ամեն ինչ անում են իրենց պետության նորագույն պատմությունը վարկաբեկելու և բոլոր վերջին անախորժությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու համար։ Բանը հասել է նրան, որ որոշ քաղաքական գործիչներ անգամ Սպիտակի երկրաշարժի համար են ռուսներին մեղադրում։ «Փաշինյաններն» արդեն ջնջել են այն հիշողությունը, թե ինչ են արել ռուս ցարերը, իսկ հետո խորհրդային իշխանությունը, հայերին փրկելու համար:
Փաշինյանը ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը, բայց ոչ ամբողջությամբ, այսինքն հղիությունը կիսատ պահելով։ Հայաստանը քնում է և իրեն տեսնում ԵՄ-ում, բայց ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, որտեղ իր ապրանքները կվաճառի և կվայելի տնտեսական նախապատվությունները։ Բայց նա վաճառելով հիմնականում գյուղմթերքներ և կոնյակներ, ստանում է այն, առանց որի չի կարող գոյատևել նույնիսկ մեկ ամիս՝ նավթ, բնական գազ, փայտանյութ, գլանվածք, էլեկտրաէներգիա և այլն։ Միայն Երևանի ատոմակայանը, որը ստեղծվել է խորհրդային մասնագետների կողմից, արտադրում է Հայաստանում սպառվող ողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը։
Սորոսական անգլո-սաքսոնները համառորեն ձգտում են դրա փակմանը, իսկ Ռուսաստանը կամավոր 300 միլիոն դոլար է հատկացրել ատոմակայանի վերակառուցման համար...
Ներկայիս Հայաստանից վերացվել է ռուսական ամեն ինչ։ Երիտասարդների ճնշող մեծամասնությունը չգիտի ռուսաց լեզուն։ Ինչպե՞ս կարող է նա ճանաչել Պուշկինին, Լերմոնտովին, Չեխովին, Շոլոխովին, Սիմոնովին, եթե դպրոցներում ռուսերեն չեն սովորեցնում։ Եվ Ռուսաստանի համբերության բաժակը լցվել է, նա հետ է կանչել իր դեսպանին:
Հիմա վերադառնանք այն «ամենադժվար պահին», որը սպասվում է Հայաստանին: Բացատրենք: Դժվար թե Ադրբեջանը ևս մեկ հակամարտություն սանձազերծի Հայաստանի հետ, քանի որ սահմանազատման հարցը գործնականում լուծված է։ Փաշինյանը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից և Տավուշի մարզի չորս գյուղերից: Հենց այդ գյուղերը տալու պատճառով է, որտեղ հայերն ապրել են դարեր շարունակ, ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանությանը հեռացնելու համար: Հասարակության պառակտվածությունը, ներքին առճակատման աճը և ռեժիմի հակառակորդներին դաժանորեն ճնշելու անվտանգության ուժերի պատրաստակամությունն է հենց «ամենադժվար պահը»:
Հատկանշական է այն, որ ընդդիմության ֆորմալ առաջնորդը հայ հոգևորականության ներկայացուցիչ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, ով ղեկավարել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը։ Նա դեռ թաքցնում է իր քաղաքական ծրագիրը։ Գալստանյանը խոստանում է դադարեցնել հայ հասարակության պառակտումը և համախմբել հայ ժողովրդին: Նրան մերձ շրջապատից հայտնի է, որ պետության արտաքին քաղաքականության մեջ նրա կարծիքը «ռազմավարական դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունն է»։ Բայց կարելի՞ է հավատալ այն առաջնորդի խոստումներին, ով հոգևոր կրթություն է ստացել Բրիտանիայի Լիդսի համալսարանում, արժանացել Եղիսաբեթ II-ի ադամանդե մեդալի և մի քանի տարի ղեկավարել Կանադայի հայոց թեմը։ Չէ՞ որ նույն Փաշինյանը երկու անգամ վարչապետ է ընտրվել կոռուպցիան հաղթելու և նախկինների թալանը պետբյուջե վերադարձնելու խոստումների ալիքի վրա, բայց ոչինչ չի արել: Ընդհակառակը, ներկայիս իշխանություններն ազգային հարստությունը լցնում են իրենց գրպանները։
Հայաստանում ներքաղաքական պայքարը գնալով սրվում է: Իշխանություններին ենթակա լրատվամիջոցները ստի հեղեղ են լցնում հայկական եկեղեցու, անձամբ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Գալստանյանի հասցեին մեղադրելով նրանց անբարոյականության և դավաճանության մեջ։ Ըստ արևմտյան հանձնարարականների հզոր հարձակում է իրականացվում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը հայ ժողովրդի մշակութային կոդի, ինքնատիպության, արժեքների և ինքնության վերջին հենակետն է։
Ռուսաստանի դեսպանի հետկանչը Հայաստանի ղեկավարությունը պետք է դիտարկի որպես առաջին խիստ նախազգուշացում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի հավանական փոփոխության մասին, եթե նրա ղեկավարությունը շարունակի իր հակառուսական կուրսը։ Ռուսական համբերությունը հասել է իր սահմանին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը