ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապահովելու ենք բոլոր այն զարգացման ծրագրերի շարունակականությունը, որոնք մեր համաքաղաքացիների համար կապահովեն լիարժեք հարմարավետ միջավայր», - Տարոն Մարգարյանը Դավթաշենի բնակիչների հետ հանդիպմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ: Բակային հանդիպումների շրջանակում դավթաշենցիներին ներկայացնելով Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա տեսլականը՝ Հանուն Երևանի կարգախոսով, որն, ըստ էության, Ավելի լավ Երևան ծրագրի շարունակությունն է, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ուղղված է մայրաքաղաքի բնակիչների առօրյա կյանքն էլ ավելի հարմարավետ դարձնելուն:

«Առաջիկա 5 տարիներին՝ շարունակելով առաջնորդվել մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով, մեր թիմը կշարունակի բակերի բարեկարգումը, նոր խաղահրապարակների և ֆուտբոլի դաշտերի կառուցումը՝ զուգահեռ իրականացնելով նաև արդեն եղածների ընթացիկ պահպանումը: Կշարունակվի նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնումը և կհասնենք նրան, որ Երևանի բոլոր փողոցներն ու բակերը կլինեն լուսավորված: Մի խոսքով, ապահովելու ենք բոլոր այն զարգացման ծրագրերի շարունակականությունը, որոնք մեր համաքաղաքացիների համար կապահովեն լիարժեք հարմարավետ միջավայր», - նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի գործող քաղաքապետը վստահեցրել է, որ մայրաքաղաքում շարունակվելու են կյանքի կոչվել Հանուն մրցունակ Երևանի համալիր ծրագրերը, որոնք նպատակ ունեն ավելի լավ պայմաններ ապահովել մանկապարտեզներում, հանրակրթական դպրոցներում, մշակութային ու սպորտային օջախներում:

«Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա մեր տեսլականի մեջ շարունակում է առանձնակի կարևորված մնալ մեր գալիք սերնդի որակյալ կրթություն ստանալուն նպատակաուղղված ծրագրերի շարունակականության ապահովումն ու նորերի իրականացումը: Սա մեզ համար եղել և մնում է առաջնահերթ գերակայություն, քանի որ կրթության ոլորտում ներդրված ջանքերն ու ռեսուրսները մեր արժանապատիվ վաղվա երաշխիքն են։Մենք անցած 4 տարիների ընթացքում իրականացրինք բավականին հավակնոտ ծրագրեր, որի արդյունքում մայրաքաղաքի բոլոր կրթամշակութային հաստատություններն այսօր ապահովված են ջեռուցման համակարգերով, ուսումնական բազմաթիվ հաստատություններ էլ վերակառուցվել ու համալրվել են նոր, այդ թվում նաև մասնագիտական գույքով։Մեր թիմի հետևողական աշխատանքի և վճռականության արդյունքում այսօր այլևս չունե՛նք Երևանի քաղաքապետարանի ենթակայության չհիմնանորոգված գրադարաններ: Ավարտել ենք նաև բոլոր մշակույթի տների հիմնանորոգման ծրագիրը: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն այսօր ունեն իրենց բարեկարգ ու համապատասխան գույքով համալրված շախմատի դպրոցները, որոնցում երեխաների ուսուցումը կազմակերպվում է անվճար հիմունքներով», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ արդեն մի քանի տարի շարունակ շուրջ 30000 երեխաներ նույնպես նախադպրոցական անվճար կրթություն ստանալու հնարավորություն ունեն:

«Մեր բոլոր ձեռքբերումները սրտացավ ու հետևողական աշխատանքի արդյունք են, ինչը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: Դրանցից շատերն այսօր գուցե արդեն դարձել են նաև սովորական, բայց այն ժամանակ, երբ նոր էինք սկսում այդ ծրագրերի իրականացումը, քիչ չէին դեպքերը, երբ ստիպված էինք հաղթահարել բազում խոչընդոտներ: Այսօր պիտի փաստեմ, որ այդ ամենը լա՛վ փորձություն էր մեր թիմի համար՝ համոզվելու, թե կունենա՞նք այնքան կամք և վճռականություն, որ հաղթահարենք դժվարություններն ու կյանքի կոչենք մեր ներկայացրած հավակնոտ ծրագրերը», - նշել է Տարոն Մարգարյանն ու կոչ արել երևանցիներին մայիսի 14-ին վստահել այն ուժին, որը հանդես է գալիս իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, այն ուժին, որն ունի փորձառու և բանիմաց թիմ ու լա՛վ գիտի բնակչին հուզող խնդիրները: Երևանի գործող քաղաքապետը նաև վստահեցրել է, որ ինչպես անցած բոլոր տարիներին, այդպես էլ հետագա 5 տարիներին իր թիմը՝ առաջնորդվելով Հանուն Երևանի կարգախոսով, շարունակելու է լինել քաղաքացիների կողքին և լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք կբարձրացվեն բնակիչների կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular